Մատչելիության հղումներ

Վերջին ամիսների գնաճի տվյալները հուշում են, որ առաջիկայում տեմպը կթուլանա, բայց առայժմ անորոշությունները շատ են. տնտեսագետ


Armenia -- Narek Karapetian, Economist, undated.
Armenia -- Narek Karapetian, Economist, undated.

Այս տարվա երկրորդ կեսին գնաճը կվերադառնա թիրախային 4 տոկոս ցուցանիշին, հայտարարում են պատասխանատուները։ Մինչ այդ, սակայն, աննախադեպ թանկացումների տեմպը էականորեն չի նահանջում։ Ընդ որում, մի շարք ապրանքներ շարունակում են թանկանալ։

2023-ի առաջին ամսվա տվյալներով՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոկային խմիչքը դեկտեմբերի համեմատ թանկացել են 3,3 տոկոսով։ Ընդհանուր 12-ամսյա գնաճն էլ այս պահին 8,1 տոկոս է կազմում։

Աննախադեպ թանկացումները, ռուսաստանցիների մեծ ներհոսքով պայմանավորված բարձր պահանջարկն ու դրամի համեմատ էժանացած դոլարը նախորդ տարվա տնտեսական գլխավոր թեմաներն էին։ Մասնագետները կանխատեսում էին՝ էժանացած դոլարը կհանգեցնի ներկրվող ապրանքների գների որոշակի նվազեցմանը։

Անցած տարեվերջին, օրինակ, նկատվեց բենզինի գների էական անկում։ 2023-ի առաջին ամսում էժանացումը շարունակվել է։

Կենտրոնական բանկը հայտարարում է՝ գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է։

Մարտին Գալստյան
Մարտին Գալստյան

«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեվորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում, Հայաստանի Հանրապետության ընդհանուր գնաճային միջավայրը աստիճանաբար մեղմվում է», - իր վերջին ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ այս տարվա երկրորդ կեսին թանկացումների տեմպը ցանկալի մակարդին կհասնի. - «Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»։

Չնայած այս ամենին, ներկրվող մի շարք ապրանքների գները Հայաստանում նույնչափ չեն էժանանում, որքան միջազգային շուկայում։

ՄԱԿ-ի պարենի անվտանգության կազմակերպության տվյալներով, բուսական յուղը, օրինակ, հունվարին աշխարհում էժանացել է գրեթե 3 տոկոսով։ Հայաստանում գնանկումը ընդամենը 0,7 տոկոս է կազմում։ Շաքարի միջազգային գները նույն ժամանակահտվածում նվազել են, այստեղ, ընդհակառակը՝ փոքր-ինչ թանկացել։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ վերջին ամիսների գնաճի տվյալները հուշում են, որ առաջիկայում տեմպը կթուլանա, բայց առայժմ անորոշությունները շատ են, իսկ դրանք կարող են այլ իրավիճակի հանգեցնել. - «Օրինակ, վերջերս խոսվում էր լոգիստիկ հնարավոր խնդիրների մասին բենզինի շուկայում։ Նման որոշակի խնդիրներ կան, որոնք կարող են դեպի վեր ռիսկեր ստեղծել գնաճի տեմպերի համար։ Բայց ամեն դեպքում բազային պայմանների պահպանման սցենարով պետք է գնաճն աստիճանաբար իջնի»։

Աննախադեպ թանկացումները նախորդ տարվա ամեմամեծ մարտահրավերներից էին։ Կառավարությունից ի պատասխան հարցերին, թե ինչ են արել խոցելի խավերի հոգսը թեթևացնելու համար, պատասխանում էին՝ օրինակ թոշակներն են ավելացրել։ Իրականում, սակայն, բարձրացած կենսաթոշակները թանկացումների բեռը չչեզոքացրին։ 2022 թվականը Հայաստանը փակեց 8,3 տոկոս 12-ամսյա գնաճով։

XS
SM
MD
LG