Մատչելիության հղումներ

«Բոլորս էլ գիտենք ինչ խաղ է սա մեզ համար, ու ամեն ինչ լավ կլինի». Վարազդատ Հարոյան


Վաղը ժամը 21-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

Երկու հավաքականները վերջին անգամ խաղացել են 2009 թվականին թուրքական Բուրսայում։

Նախախաղային մամուլի ասուլիսների ժամանակ Հայաստանի ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը նշեց, որ հասցրել են ուսումնասիրել Թուրքիայի ընտրանուն, հասկանում են այս խաղի կարևորությունը:

«Լավ թիմ է, շատ որակով ֆուտբոլիստներով, շատերը խաղում են թոփ լիգաներում: Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին արդեն երեք օր է, գիտենք իրենց թույլ և ուժեղ կողմերը, կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը, հուսով եմ կստացվի: Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք ինչ խաղ է սա մեզ համար, ու ամեն ինչ լավ կլինի», - ասաց Հարոյանը:

Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մեկ տարի առաջ հայտարարեց ազգային թիմում մրցելույթներն ավարտելու մասին, վերջերս վերահաստատեց իր որոշումը: Հայաստանի հավաքականի ներկայիս ավագն ասաց՝ եթե Հենրիխը լիներ թիմի կազմում, իրենց գործն ավելի կհեշտանար:

«Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, մեծ ֆուտբոլիստ: Միանշանակ իր ներկայությունը շատ կհեշտացներ մոր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք ու կպատրաստվենք այս խաղին այն ֆուտբոլիստներով, որ ունենք», - ընդգծեց Հարոյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախ գնահատեց թիմի ընդհանուր մարզավիճակը. - «Հավաքը նոր է սկսվում, ուստի առնվազն հիմա հնարավորությունները բոլորի մոտ հավասար են, խաղացողների վիճակը նորմալ է: Սկզբում տարբեր վիճակներում էին, բայց հիմա բերել ենք ընդհանուր հայտարարի: Վաղը կտեսնենք, թե ինչ տեսք կունենանք»:

Պետրակովը դեռ նոր է ծանոթանում թիմի հետ, ստանում առաջին տպավորությունները իր սաներից:

«Բազմաթիվ նոր տղաներ կան, երիտասարդ տղաներ են եկել թիմ, բոլորին բերել ենք ընդհանուր հայտարարի, բոլոր հետ ծանոթացել եմ, լավ տպավորություն են թողել, յուրաքանչյուրի հետ առանձնազրույց եմ ունեցել, ընդհանուր առմամբ ծախսել եմ 6 ժամ: Դա իմ մոտեցումն է, որ իմանամ մարդուն, նրա ընտանիքը, ով է, որտեղից է: խոսել եմ տղաներից իմ պահանջների մասին, այնպես որ լավ ծանոթ եմ», - նշեց մարզիչը:

«Ազատության» հարցին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա խնդիրները այս խաղին առանձնահատո՞ւկ են նախապատրաստվում, թուրք ֆուտբոլիստը պատասխանեց, որ նրանք միայն ֆուտբոլիստներ են, և իրենց խնդիրը հաղթանակն է:

Թուրքիայի ընտրանու գլխավոր մարզիչ գերմանացի Ստեֆան Կունցն էլ գնահատելով Հայաստանի հավաքականին՝ նշեց՝ քանի որ թիմն արդեն նոր գլխավոր մարզիչ ունի, հիմա վերլուծելու ժամանակը չէ: Նախկինում, երբ թիմը մարզում էր իսպանացի Խուակին Կապառոսը, հավաքականն, ըստ նրա, իսպանական ոճի ֆուտբոլ էր դավանում, բայց հիմա ամեն բան նոր է:

«Կարող ենք ասել, որ ձեր կազմն ավելի երիտասարդացել է, այնպես որ կարելի է ասել, որ նախկին վերլուծությունները, որ կատարվել են, պետք է մի կողմ դնել, և հիմնականում ես կենտրոնանալու եմ իմ հավաքականի վրա, որ վաղվա խաղին մենք պատրաստ լինենք», - ասաց նա:

Մարզական այս հավաքի ընթացքում Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները լրագրողների հետ զրույցում ասում էին, որ թեև թեժ քննարկումներին ու խոսակցություններին, իրենք իրենց վրա ավելորդ ճնշում չեն զգում, պրոֆեսիոնալ են և ամեն ինչ անելու են հաղթելու համար:

XS
SM
MD
LG