«Շատ ենք սպասում այս հանդիպմանը, լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ ամեն ինչ մեր օգտին կդասավորվի և կհաղթենք»․ 2022-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն իր մրցանակը երեկ ստացավ։ Ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզումից հետո նա հասցրեց նաև լրագրողների հետ զրուցել։ Թիմը պատրաստվում է այս շաբաթ օրը Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։
Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների խաղի մասին բուռն քննարկումները Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբում հանդես եկող 22-ամյա Սպերցյանին միայն մոտիվացնում են։
«Սա պատմական հանդիպում է մեզ համար և մենք մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք մոտենում, իրար հետ շատ ենք խոսում խաղի մասին», - ասաց Սպերցյանը։
Թուրքիայի դեմ տնային խաղով Հայաստանի հավաքականը կմեկնարկի պայքարը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։ Նույն խմբում են նաև Խորվարթիան, Ուելսն ու Լատվիան։ Եզրափակիչ փուլ դուրս կգան առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հրավիրած ֆուտբոլիստների շարքում նորեկներ էլ կան։ Նրանցից մեկը՝ կրկին Ռուսաստանում հանդես եկող 23-ամյա Նաիր Տիկնիզյանն էլ ասում է՝ պետք է ցանկալի արդյունքի հասնել։
«Նորամուտի համար ավելի լավ խաղ հնարավոր չէ պատկերացնել։ Թուրքիան Հայաստանի ամենասկզբունքային մրցակիցն է։ Ամբողջ թիմը գիտակցում է պատասխանատվությունը», - ասաց Տիկնիզյանը։
21-ամյա Ժիրայր Շաղոյանն էլ վստահեցնում է՝ թիմն ավելորդ ճնշում չի զգում։ «Մեր համար չկա ճնշում, քանի որ հերթական հանդիպումն է, կարևոր հանդիպում է, ինչպես և բոլոր մնացած մրցակիցները, քանի որ բոլորն էլ ուժեղ են՝ թե՛ Խորվաթիան, թե՛ Ուելսը, պիտի փորձենք բոլորին հաղթել», - ասաց Շաղոյանը։
Հավաքականի երեկ անցկացրած բաց մարզմանը բազմաթիվ երկրպագուներ էին հետևում, սպասելիքներն, ասում են, մեծ են։