Մատչելիության հղումներ

Հանդիպումն առանց թուրք երկրպագուների անցկացնելու որոշումը ՈՒԵՖԱ-ինն է՝ «խուսափելու ավելորդ լարվածությունից»


Մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուները ներկա չեն լինի։ Սա միջազգային գերատեսչության՝ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումն է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասնում է՝ որոշման պատճառն ավելորդ լարվածությունից խուսափելն է։

Ֆեդերացիայից «Ազատությանը» հայտնեցին՝ սա հենց ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությունն է, ո'չ Հայաստանը և ո'չ Թուրքիան այս հարցով ֆուտբոլային կառույցին չեն դիմել։ Ինչպես թուրք երկրպագուները Երևան չեն ժամանի, այնպես էլ պատասխան խաղը կանցնի առանց հայ երկրպագուների։

«Ճիշտ է, ֆուտբոլը գեղեցիկ կլինի, երբ որ բոլոր հնարավոր երկրպագուները մարզդաշտում հանդիպումը կնայեն, բայց ամեն դեպքում այս պարագայում ինչ-որ չափով հասկանալի ու ընդունելի էր այդ որոշումը», - ասում է հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:

Հայաստանի ու Թուրքիայի ընտրանիները վերջին անգամ խաղացել են 2010-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Դրանից երկու տարի առաջ՝ 2008-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում Թուրքիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը։ Մեկ տարի անց ընտրանին արդեն մրցակցի դաշտում նույն հաշվով պարտվեց։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց ֆուտբոլային դիվանագիտությանը։ Երկու երկրների ղեկավարները միասին դիտեցին հանդիպումները։

Երևանյան հանդիպման արխիվային կադրերում նաև իրենց գոլերը տոնող թուրք երկրպագուների կարելի է տեսնել։ Այդ խաղին մասնակցած հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը հիշում է՝ այն ժամանակ էլ ուշադրությունը հանդիպման վրա շատ մեծ էր. - «Հետաքրքրություն կար այդ խաղի հետ կապված, շատ մեծ քանակի լրագրողներ էին եկել Թուրքիայից»:

Եթե դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու պետությունների դեպքում եվրոպական կառույցը սահմանափակել է երկրպագուների մասնակցությունը, ապա հակամարտող երկրները ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ընդհանրապես միմյանց դեմ չեն խաղում։ Օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը նույն խմբում հայտնվել չեն կարող։ Սա վերաբերում է նաև Բելառուսին ու Ուկրաինային, Ջիբրալթարին ու Իսպանիային և այլ հակամարտող երկրներին։

Հարևան Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած Ռուսաստանը ընդհանրապես զրկվել է եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Պաչաջյանի կարծիքով, ՈՒԵՖԱ-ի որոշումը հասկանալի է, 2000-ականներին լարվածությունն այսչափ չէր, իսկ հիմա՝ 44-օրյա պատերազմից, հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո, ֆուտբոլային գերատեսչությունը ցանկացել է բացառել հնարավոր խնդիրները. - «Բոլորս էլ հասկանում ենք, որ ֆուտբոլը էմոցիոնալ դաշտ է, էմոցիոնալ սպոտաձև է, ու հնարավոր են նաև սադրանքներ, բախումներ»։

Երկու թիմերը ճանապարհները այս անգամ խաչվել են Գերմանիայում կայանալիք Եվրո-24-ի ընտրական փուլում, նոր մրցափուլը սկսում են հենց երևանյան հանդիպումով։

Նույն խմբում են ընդգրկված նաև Խորվաթիան, Ուելսն ու Լատվիան։ Հինգ թիմերը մարտից նոյեմբեր հանդիպումներ կանցկացնեն՝ լավագույն երկուսին որոշելու համար։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած ընտրանիները Եվրոյի ուղեգիր կնվաճեն։

Նոր ընտրական փուլին Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոր գլխավոր մարզչի՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ 65-ամյա մարզիչն այսօր արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկն է հրապարակել, որոնք կժամանեն Երևան։ Ընտրանու կազմում երկու նորեկ կա՝ Ռուսաստանում հանդես եկող Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը։

Նոր մրցափուլին ընդառաջ խոսվում էր նաև հավաքականի երկարամյա ավագ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին։ Իտալական «Ինտերի» կիսապաշտպանը, սակայն, օրերս հայտարարեց՝ չի ափսոսում հեռանալու համար. - «Չնայած որ շատ դժվար է եղել էդ որոշումը ընդունելը, կարծում եմ, ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Ժամանակն է եկել, որ արդեն նոր սերունդը, ջահել սերունդը իր վրա պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականը իր հետևից տանել»։

XS
SM
MD
LG