Մատչելիության հղումներ

Հայաստանի վրա հարձակումը դատապարտող ընդդիմադիրների դեմ Ադրբեջանում հանրային պարսավանքի արշավ է սկսվել


Ի տարբերություն 2020 թվականի 44-օրյա պատերազմի, մի խումբ ընդդիմադիրներ հարց են բարձրացնում, թե ինչքանով են արդարացված Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացվող ռազմական գործողությունները:

Ադրբեջանում հանրային պարսավանքի արշավ է սկսվել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող ընդդիմադիրների դեմ։

Ի տարբերություն 2020 թվականի 44-օրյա պատերազմի, մի խումբ ընդդիմադիրներ հարց են բարձրացնում, թե ինչքանով են արդարացված Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացվող ռազմական գործողությունները: Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ իրենց հողում են գտնվում, ընդդիմադիր գործիչները համոզված են, որ Իլհամ Ալիևը փորձում է օկուպացնել Հայաստանի տարածքները՝ ողջ աշխարհի աչքում Ադրբեջանը դարձնելով բռնարար երկիր:

«Ադրբեջանական կողմը բացահայտ կերպով հայտարարում է այլ պետության տարածք ներխուժման մտադրության մասին», - ասում է Գերմանիայում ապրող նախկին քաղբատարկյալ, լրագրող Աֆգան Մուխտարլըն։ Նա այն ընդդիմադիրներից է, ում նկարը Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչները տարածել են սոցցանցերում՝ կոչ անելով հանրությանը ճանաչել դավաճաններին։

Ընդդիմադիրներին թիրախավորող տեսանյութում հայտնված գործիչները, որոնց մեծ մասը արտերկրում են բնակվում, կարծում են, թե ադրբեջանական զինուժը խախտում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչը անընդունելի է:

Գերմանիայում բնակվող բլոգեր Թուրալ Սադըքլըն պնդում է, որ Զանգեզուրը Հայաստանի տարածքն է, և Ադրբեջանը չի կարող օկուպացնել այն. - «Ադրբեջանը ներխուժում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ նոր պատերազմի սկիզբ դնելով»:

«Ադրբեջանը արդեն սեփական հողում չէ կռվում», - պնդում է Գերմանիայում ապրող ընդդիմադիր բլոգեր Օրհան Աղաևը: - «Մենք մեր հողում չենք, արդեն Հայաստանի սահմաններն ենք անցել, ադրբեջանական բանակը մտել է Հայաստանի ճանաչված տարածք»:

«Ինչո՞ւ մենք պետք է կռվենք հայ-ադրբեջանական սահմանին և ներխուժենք Հայաստանի տարածք, քանի դեռ Ղարաբաղում հայկական ուժեր կան: Ինչի՞ ենք դրանով հասնելու, ինչքանո՞վ է սա տրամաբանական», - հարց է բարձրացնում ադրբեջանցի լրագրող Սեվինչ Օսմանգըզըն:

«Անձամբ ինձ Երևանն ու Զանգեզուրը պետք չեն և ես դատապարտում եմ Հայաստանի վրա հարձակումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը:

Ալիևի ղեկավարած կուսակցության շատ անդամներ, այդ թվում մեջլիսի պատգամավորներ իրենց սոցիալական հաշիվներում կիսվել էին ընդդիմադիրներին ամոթանքի ենթարկելու կոչ անող տեսանյութով: Ֆեյսբուքում և Թվիթերում տարածված #xainləritanı հաշտագով փնտրելիս կարելի է տեսնել ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի ռազմատենչ քաղաքականությունը քննադատող մի քանի տասնյակ ադրբեջանցիների հրապարակումներն ու նրանց նկարները՝ «դավաճան» կնիքով:

«Գուցե շուտով այս մարդկանց նկարները փողոցներում կախեն», - Ֆեյսբուքում գրել է քաղաքական ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին՝ այս իրավիճակը համեմատելով 1937 թվականի խորհրդային ժամանակների բռնաճնշումների հետ:

«Հայրենիքի դավաճանների» ցանկում հայտնված ընդդիմադիր գործիչ, Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիկ Յակուբլուն, որ իշխանությունների կողմից պարբերաբար ճնշումների ու հետապնդումների է ենթարկվում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է՝ այս արշավի հրամանը Իլհամ Ալիևն է տվել. - «Ճշմարտության մասին բարձրաձայնողները դավաճաններ են համարվում: Սա շատ վտանգավոր ընթացք է: 21-րդ դարն է, բայց կարծես 1930-ականների բռնաճնշումների մթնոլորտ լինի: Հայրենիքի դավաճաններ միայն բռնապետություններում են լինում»:

Իշխող կուսակցության պատգամավորներից Ֆազըլ Մուստաֆան, ով ևս տարածել է «դավաճաններին գաղտնազերծող» տեսանյութ, հերքում է, որ այդ արշավը ուղղորդված է իշխանությունների կողմից: Նա պնդում է, որ սա հանրային գործընթաց է, և մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց վերաբերմունքը իշխանությունների գործողությունները քննադատողների նկատմամբ:

Ընդդիմադիր ձայները լռեցնելու համար սոցիալական մեդիայում սկսված արշավը նաև գործնական քայլերի է հասել: Օրերս Ադրբեջանում ոստիկանին չենթարկվելու պատճառաբանությամբ 30 օրով ազատազրկվել է «Դեմոկրատիա-1918» ընդդիմադիր շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին: Երիտասարդ գործիչը պնդում է, որ այս որոշումը անհիմն է, և իրեն պատժում են պատերազմի դեմ արտահայտվելու և նախագահին քննադատելու համար:

«Մի օր Իլհամ Ալիևը միջազգային դատարանի առաջ պատասխան կտա իր հանցագործությունների համար, որոնք արել է ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ ժողովրդի նկատմամբ: Ժողովրդավար Ադրբեջանի առաջին խնդիրը լինելու է պատժել նրանց, ովքեր ժողովուրդներին իրար դեմ թշնամացնում են», - Թվիթերում գրել էր Մամեդլին: Այդ հրապարակումից հետո նա ձերբակալվել էր:

«Եթե ես հանցագործ եմ համարվում խաղաղության մասին խոսելու համար, ապա ես հպարտ եմ», - ձերբակալման պահին հայտարարել է ձեռնաշղթաներով Մամեդլին:

XS
SM
MD
LG