Արցախի խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա․ երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց փոփոխությունը, համաձայն որի՝ ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։
Արցախի գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Մինչդեռ առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել խորհրդարանի լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։
«Շատ բան կարող է լինել». Արամայիս Աղաբեկյան
Ինչո՞ւ Արցախում գնացին այս քայլին, հատկապես որ ռազմական դրությունը Լեռնային Ղարաբաղում գործում է դեռ 1992 թվականից և պահպանվում է մինչև օրս, արդյո՞ք Արայիկ Հարությունյանն առաջիկայում հրաժարական տալու մտադրություն ունի։
«Շատ բան կարող է լինել», - ասում է իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
«Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ Աստված մի արասցե, պատկերացնենք, որ նախագահի հետ մի բան է լինում, և չի կարողանում այլևս իր պաշտոնավարումը շարունակել: Այդ դեպքում, որպեսզի երկիրը չմնա անգլուխ, Ազգային ժողովն այս փոփոխությամբ հնարավորություն է ստանում նախագահ ընտրել», - ասաց Աղաբեկյանը։
Հարցին, թե տեղեկություններ կան, որ Արայիկ Հարությունյանը ցանկանում է ժամանակից շուտ հրաժարական տալ, և սա նաև դրա համար է արվում, այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ է, Աղաբեկյանը պատասխանեց․ - «Ես այդպիսի տեղեկություն չունեմ, իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ»։
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2025-ին, այսինքն՝ ընդամենը 2 տարի անց Արցախում համապետական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանալու։
Տեղեկություններ կան, որ այս գործընթացը ավարտելուց հետո միանգամից լինելու է նախագահի հրաժարական. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ սահմանադրական այս փոփոխությամբ Ստեփանակերտում փորձում են նվազեցնել կառավարման համակարգի հետ կապված ռիսկերը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է գործողությունների դիմել, եթե Արցախում ընտրություններ անցկացվեն։ Ընդ որում, 2025-ին ավարտվում է նաև ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, և, ըստ պատգամավորի, բավական դժվար շրջափուլ է սպասվում։ Տիգրան Աբրահամյանը, սակայն, չի բացառում, որ Արայիկ Հարությունյանը ժամկետից շուտ հրաժարական տա, և խորհրդարանը նոր նախագահ ընտրի։
«Տեղեկություններ կան, որ այս գործընթացը ավարտելուց հետո միանգամից լինելու է նախագահի հրաժարական, և լինելու է նոր նախագահի ընտրություն, որովհետև դեռևս Արցախի քաղաքական վերջին ճգնաժամի՝ հունվարին, Արցախի նախագահը փաստորեն հայտարարել է, որ ցանկություն ունի հրաժարական տալու։ Դա տարբեր քննարկումների արդյունքում փաստացի հետաձգվեց», - նշեց պատգամավորը։
Աբրահամյանի խոսքով՝ նախագահ Հարությունյանը սահմանադրական այս փոփոխությունը հանրության լայն շրջանակների հետ չի քննարկել, և շատերի համար այն անակնկալ է եղել։ Հիմա մարդիկ անհանգիստ են, թե խորհրդարանի որոշմամբ ով կարող է փոխարինել Արայիկ Հարությունյանին, ասում է նա. - «Ո՞վ է այդ թեկնածուն, որովհետև նրանց համար շատ կարևոր է, որ չստացվի այնպես, որ այսպիսի հնարավորություն ստեղծվի՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, և նրա քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն, մեկ ձայնի տարբերությամբ, բայց համագործակցում է մեկ այլ քաղաքական ուժի հետ, հնարավորություն չունենա ընտրելու այնպիսի նախագահի, որը հանրության վստահությունը չի առաջացնում, ըստ էության, հանրությանը չի ներկայացնում, և տեղի ունենա ինչ-որ արհեստական նախագահի նշանակում։ Եվ սա է հիմնական բանը, որ մարդկանց շրջանում բավականին մեծ անհանգստություն է առաջացնում»։
Պետական համակարգը բոլոր հնարավոր միջոցներով պիտի ամուր պահենք. ընդդիմադիր պատգամավոր
Արցախի խորհրդարանին նախագահ ընտրելու հնարավորություն տվող փոփոխությունն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն, ընդդիմադիր ուժերը ևս կողմ են քվեարկել։
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակացության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պարզաբանում է՝ չնայած իրենց մտահոգություններին, կողմ են քվեարկել՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակն ու Արցախը ցնցումներից զերծ պահելու ցանկությունը, թեև դեռ Գերագույն դատարանը պետք է որոշի՝ որքանով այդ փոփոխությունը սահամանադրական։
«Պետական համակարգը բոլոր հնարավոր միջոցներով պիտի ամուր պահենք, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակում ցնցումներից ևս զերծ պահելը մեր գերակայությունն է: Այդ պատճառով հիմքում դա էր, որ մենք կողմ քվեարկեցինք», - «Ազատությանն» ասաց նա:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև մարտի 21-ը, որից հետո արդեն խորհրդարանը սահմանադրական փոփոխության նախագիծը կքվեարկի 2-րդ և վերջնական ընթերցմամբ։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հերքել էր պնդումներն այն մասին, թե Արցախի խորհրդարանին նախագահ ընտրելու հնարավորություն է տրվում Արայիկ Հարությունյանի հրաժարականը կազմակերպելու համար։