Ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սահմանադրական փոփոխություններ են նախատեսում. նախագահ Արայիկ Հարությունյանն է նախաձեռնում։ Նախագիծն այսօր ուղարկվել է Ազգային ժողով։ Հարությունյանի աշխատակազմից հայտնում են՝ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությանն ու դրա առանձահատկություններին։ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պարզաբանում է՝ նախատեսվում է փոխել Սահմանադրության միայն մեկ հոդվածը։ Պատճառն, ըստ նրա, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներն են, արտաքին, ներքաղաքական մարտահրավերները, Արցախի ներքաղաքական իրավիճակը։
«Նախագահն առաջարկում է, որ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը հնարավորություն ունենա երկրի նախագահ ընտրել, այսինքն՝ եթե ինչպես գործող Սահմանադրությունում է սահմանված, համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովին վերապահել ժամանակավոր՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը ընտրել պետության գլուխ», - ասաց Ավանեսյանը:
Արդյոք Արայիկ Հարությունյանը մտադի՞ր է ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, նրա մամուլի քարտուղարը հերքեց` ասելով՝ նախագահը չի պատրաստվում նման քայլի գնալ։ Լուսինե Ավանեսյանը նաև անտրամաբանական համարեց այն պնդումները, թե այս փոփոխությունն արվում է նախագահական ժամկետից հետո Հարությունյանին կրկին նախագահ ընտրելու համար։
2020-ի պատերազմից հետո հայտարարությունների մակարդակով խոսվում է Արցախում ընտրությունների անհնարինության մասին. «20 թվականին ընտրված նախագահն ու Ազգային ժողովն իրենց լիազորություններն ավարտում են նույն օրը, Սահմանադրության կարգավորումներով եթե նախագահը հրաժարական է տալիս, կամ այս կամ այն պատճառով նրա հետագա պաշտոնավարումը, թեկուզ Ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելու դեպքում նախագահի պաշտոնավարումը անհնար է, ապա Ազգային ժողովն ինքը ևս լուծարվում է», - նշեց Ավանեսյանը:
Հայաստանի իշխանությունների ճնշմամբ է Հարությունյանը նման քայլի գնացել. ընդդիմադիր պատգամավոր
Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը կարծում է, որ ավելի շատ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ է Հարությունյանը նման քայլի գնացել։ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս չի վստահում Արցախի նախագահին, իսկ դա, ըստ նրա, կապված է Արցախում տեղի ունեցող չարաշահումների հետ։
«Այն հայտարարությունները, որ գումարները մսխվել են, և իրավապահների հետ երբ որ խոսում էր, որ փոխհատուցումները տրամադրվել են ոչ արդարացի և ոչ նպատակային, ոչ ճիշտ մոտեցումներով, ինձ թվում է՝ մեծ գումարների մասին է խոսքը, և ինչ-որ տեղ այդ գումարների ահռելի մասը, գիտենք, որ Հայաստանից է եկել, երևի այդ գումարների հետ կապված կամ չգիտեմ՝ այլ տարաձայնությունների կապված Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով ուզում է Արցախում վերարտադրել իր իշխանությունը», - նշեց պատգամավորը:
Օրերս իրավապահների հետ հանդիպմանը հենց Արայիկ Հարությունյանն էր բարձրաձայնել հավանական չարաշահումների մասին։ Արցախի նախագահը իրավապահների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամների գումարները փոշիացրած անձանց գտնել, պետությանը պատճառած վնասը վերականգնել. ասել էր՝ անձամբ է վերահսկելու գործընթացը:
«Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառված վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին», - նշել էր Արցախի նախագահը: