Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում, հայտնում են նրա աշխատակազմից։

Նա ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:

Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկման։

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ ան­հաղ­թահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավոր­ների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:

«Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախա­գահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախա­գիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաև այն դեպքում, երբ Հանրապե­տության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ», - ասված է Արցախի Սահմանադրության մեջ:

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը վստահեցրել էր նախագահ Արայիկ Հարությունյանը:

XS
SM
MD
LG