Լեհաստանի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներից տարանցիկ վիզայի պահանջը հակասում է վիզաների ազատականացման գաղափարին, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։
Հանդիպմանը Սիմոնյանը շեշտել է, որ այդ պահանջը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժման համար՝ հույս հայտնելով, որ որոշումը կվերանայվի:
Հայաստանի քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 1-ից։
Անդրադառնալով՝ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային և դրա հետևանքներին՝ առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:
Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական դիտորդներ տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Նախ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները՝ հոկտեմբերի վերջին և սահմաններին կմնան ոչ ավելի քան երկու ամիս։