Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն է ենթադրում Հայաստանի և եվրոպական ընտանիքի միջև։ Կարևոր այս հանգրվանը համընկավ Հայաստանում սկսված դժվարին փուլին, երեկ հայտարարել են եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները, ընդգծելով` դրանից դուրս գալու լավագույն ելքը հավատարմությունն է ժողովրդավարությանն ու սահմանադրական կարգին։

«Հայաստանի համար այժմ դժվար ժամանակներ են, այդուհանդերձ Եվրոպական Միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին», - հայտարարել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը՝ ընդգծելով՝ ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքն առանցքային նշանակություն ունեն։

Անցած շաբաթավերջին, երբ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը, վարչապետ Փաշինյանն էլ այդ քայլը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց, պաշտոնական Բրյուսելը զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին՝ հորդորելով խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է էլ ավելի սրել իրավիճակը։

«Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո», - հայտարարել էր Միության արտգործնախարարությունը՝ հավելելով՝ ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է: Արտգործնախարար Ջոզեպ Բորելը, երեկ երեկոյան, նոր հայտարարություն է տարածել, ընդգծելով` «այսօրվանից ուժի մեջ մտնող համաձայնագրով Հայաստանը ստանձնել է ժողովրդավարությունն ամրապնդելու, և բարեփոխումներն ընդարձակելու պարտավորություն, և Բրյուսելը պատրաստ է շարունակել աջակցությունն այս հարցում:

350 էջանոց համաձայնագրով Հայաստանի իշխանությունները պարտավորվում են բարեփոխել արդարադատության ու ոստիկանության համակարգերը, Ընտրական օրենսգիրքը, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, առավել հաշվետու ու թափանցիկ դարձնել կառավարումն ու եվրոպականին մոտեցնել չափորոշիչները տնտեսական դաշտում:

Կառավարությունում Եվրամիության հետ հարաբերությունների պատասխանատու, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի խոսքով, անհրաժեշտ քայլերի ողջ փաթեթն իրականացնելու համար Հայաստանը մոտ ութ տարի ժամանակ ունի: Ավարտին, ըստ ծրագրի, հայաստանյան տարբեր ոլորտներ՝ սկսած տրանսպորտից, մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, կմոտեցվեն Եվրամիության չափորոշիչներին:

«Բիզնեսի համար հնարավորություններ, ավել շատ աշխատատեղեր, ավելի մաքուր շրջակա միջավայր, ավելի անվտանգ կանոններ՝ եվրոպական ստանդարտներին և չափորոշիչներին համահունչ: Սա իրենից ենթադրում է ավելի շատ՝ շուրջ երեք տասնյակ ոլորտների խորը համագործակցություն», - նշեց Բարսեղյանը:

«Ճանապարհը հեշտ չէ, բայց` դրան այլընտրանք չկա, եթե ուզում եք հասնել բարգավաճ և ժողովրդավար Հայաստանի», - դիմելով հայաստանցիներին հայտարարել է Լիտվայի փոխարտգործնախարար Արնոլդաս Պրանցկեվիչյուսը:

Պաշտոնական Վիլնյուսն այսօր, ի նշան աջակցության Հայաստանի եռագույնով է փաթաթել արտգործնախարարության տանիքին տեղադրված արձանիկը` պահապան հրեշտակը: «Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի կիրարկումը տոն է մեզ համար», - պարզաբանել է փոխարտգործնախարարը՝ հիշեցնելով` Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը երեսուն տարի առաջ, և այսօր էլ շարունակում է մնալ հայ ժողովրդի կողքին»:

«Լիտվան միշտ է խանդավառությամբ արձագանքել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդմանը, մենք նաև առաջինն էինք, որ վավերացրինք Համապարփակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Դրա օգնությամբ հայաստանյան հասարակությունը կարող է հասնել ժողովրդավարության առավել բարձր չափանիշների, օրենքի գերակայության, ավելի լավ հնարավորություններ ունենալ բիզնեսում, ինչպես նաև առավել ընդարձակ ընտրություն կրթության ու գիտության ոլորտներում», - ասել է փոխարտգործնախարարը:

Հայաստանի ու Եվրամիության միջև այսօրվանից ուժի մեջ մտնող այս փաստաթուղթը ավելի քան տասը տարվա՝ անակնկալ շրջադարձերով լի պատմություն ունի։ Ի սկզբանե Երևանը պատրաստվում էր եվրոպական ընտանիքի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, որը կերաշխավորեր նաև հայ գործարարների անարգել մուտքը եվրոպական շուկա, և հնարավորություն կտար Հայաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի մեկնել Եվրոպա: Շուրջ երեք տարվա բանակցություններից հետո՝ 2013 թվականին, սակայն, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ հայտարարեց, թե անդամակցում է Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը՝ փաստացի հրաժարվելով Բրյուսելի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագրից։

Երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամից հետո` չորս տարի անց` 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ի վերջո ստորագրեցին նոր փաստաթուղթ, որը պաշտոնյաների բնորոշմամբ, զիջում էր ասոցացմանը, բայց` մի քանի քայլով առաջ էր 96-ին կողմերի միջև ստորագրված և մինչև երեկ գործող փաստաթղթից: Նոր համաձայնագիրը վավերացման համար անցավ Եվրամիության քսանյոթ երկրների խորհրդարաններով, ինչի համար պահանջվեց մոտ երեք ու կես տարի։

XS
SM
MD
LG