Մատչելիության հղումներ

ԵՄ բոլոր անդամները պետք է պատրաստ լինեն վիզաների ազատականացման երկխոսությանը. դեսպան Վիկտորին


Լիահույս ենք, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն Եվրամիության (ԵՄ) բոլոր անդամները պատրաստ կլինեն վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա հորդորեց Հայաստանին ավելի շատ օգտվել վիզաների դյուրացման համաձայնագրից, ինչպես նաև Erasmus+-ի ծրագրերից:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ.

Իրոք, Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում առաջընթաց կա

Օգտատերերից մեկը նշել էր, որ 2 տարի է` Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, որոշ ինստիտուտներ ավելի առաջադեմ են, քան եվրոպական որոշ երկրներում` խոսքի ազատություն, մամուլի ազատություն, ապա հարցրեց` Հայաստանն էլ ի՞նչ պետք է անի, որ ստանա ԵՄ աջակցությունը` թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումներով: Օգտատերը նաև նշել էր, որ դեռևս Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին դիտարկում են նույն հարթության վրա:

«Իրոք նշանակալի առաջընթաց է եղել Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում, նոր կոնտեքստը մեզ հնարավորություն է տալիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման համար, որով առաջնորդվում են Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում և ոլորտներում, մենք բարձր ենք գնահատում իրականացման համար ստեղծված ճանապարհային քարտեզը, որը մշակվել է ՀՀ կառավարության հետ միասին, որը հանդիսանում է հենք երկրում բարեփոխումների»,- ի պատասխան նշեց դեսպանը` հավելելով, որ արդեն մեծ առաջընթաց իրականացվել է.- «Մենք այդ գործընթացներում բավականին աջակից ենք եղել Հայաստանին»:

Որպես աջակցության օրինակ նա մատնանշեց դատական կամ արդարադատության ոլորտի բարեփոխման վերաբերյալ ռազմավարության ընդունումը, մարդու իրավունքների ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիրը, վերջերս ոստիկանության ոլորտի բարեփոխումները, որ ընդունվեցին Covid-19-ի պայմաններում:

«Մենք սպասում ենք այս ռազմավարությունների իրականացմանը, այդ ուղղությամբ մոբիլիզացրել ենք ֆինանսական փաթեթ, որը 10 օր առաջ վավերացվել է ՀՀ-ի կողմից, 23 միլիոն եվրո աջակցություն է տրամադրվել համաձայնագրի բարեփոխումների գործիքով:

Եվ այս գործիքը, որի մասին խոսեցի, հնարավորություն կտա ավելի արագ ու արդյունավետ իրականացնել այդ բարեփոխումների հավակնոտ օրակարգը, որը Հայաստանի Հանրպետությունը ստանձնել է, և իրականացնել այն ԵՄ և միջագային չափանիշներին համահունչ:

Հակիրճ եթե ասեմ, մենք հրաշալի համագործակցություն ենք իրականացնում աջակցության ոլորտում ֆինանսական առումով և նաև քաղաքական»,- նշեց նա:

Ինչո՞ւ ԵՄ-ն Արցախում մշտական ներկայություն չունի

Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ԵՄ-ն մշտական ներկայություն ու գրասենյակ չունի Արցախում, այնտեղ ևս մարդիկ են ապրում, իսկ ԵՄ-ն ժողովրդավարությանը միտված շատ ծրագրեր է իրականացնում, ի՞նչ աջակցություն է տրամադրվում Արցախի ժողովրդին, ինչպե՞ս են պատրաստվում խորացնել կապը Արցախի ժողովրդի հետ:

Անդրեա Վիկտորինը հիշեցրեց` Լեռնային Ղարաբաղը չճանաչված միավոր է, այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում, Եվրամիության անդամ երկրները և Եվրամիությունն ինքը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն, ուստի ԵՄ-ն այս պահին չի կարող այնտեղ հիմնել ներկայություն.- «Այդուհանդերձ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հակամարտությունից տուժած ժողովրդի հանդեպ: ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեզ համար գերառաջնահերթություն: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և Եվրամիությունը կոչ է արել ավելի բարձր մակարդակի սաստկացնել բանակցությունները խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և պետք է անպայմանորեն կիրառվի քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային օրենքին:

Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել համանախագահների ջանքերին, այդ թվում` իր հատուկ ներկայացուցչի միջոցով, և Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղապահ գործընթացներին և մարդկանց միջև շփումներին երկու կողմերում»:

Վիզաների ազատականացման մասին

ԵՄ նախկին նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավոր էր համարել, որ վիզայի ազատականացումը լինի արդեն 2020 թվականից, հիշեցրել է օգտատերերից մեկը` հարցնելու` ինչո՞ւ դեռ նույնիսկ երկխոսություն չկա:

Պատասխանելով այս հարցին` դեսպանը նախ նկատեց` վիզաների ազատականացման թեման ամենասիրելիներից է.- «Այո, իհարկե, միանշանակ կա հեռանկար վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու համար, համենայն դեպս այդպես է նաև ամրագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Սա նաև նպատակներից մեկն է, որը Արևելյան գործընկերության երկրներին ասել ենք 2017 թվականի նոյեմբերին»:

Միաժամանակ դեսպանը տեղյակ էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սերտորեն երկկողմ մակարդակով աշխատում է անդամ պետությունների հետ` առկա մտահոգությունները վերացնելու համար ազգային մակարդակում, որոնք «երբեմն ներառում են այնպիսի իրավիճակներ, որոնք ապաստան ձգտող, ապաստանի դիմող քաղաքացիներին են վերաբերում, որոնք դեռ ընթացքի մեջ են»:

«Վիզաների ազատականացման երկխոսության համար որոշումը պետք է կայացվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից, և մի բան է, որ պետք է անպայման ընկալվի շատ լավ, բայց նաև ես կարծում եմ, որ անդամ երկրներին անհրաժեշտ է պատշաճ հավաստիացում նաև այն մասին, որ ՀՀ քաղաքացիների շրջանում լիարժեք ըմբռնում կա, թե ինչ է վիզաների ազատականացումը, որովհետև դա չի նշանակում հնարավորություն` գտնվել Եվրոպայում երկարաժամկետ հիմունքներով կամ ներգրավվել պրոֆեսիոնալ գործունեության մեջ, դա նշանակում է լինել, ճամփորդել շենգենյան գոտում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածում 6 ամսվա ընթացքում: ԵՄ-ն շարունակում է լինել Հայաստանի կողքին այս բարեփոխումների ճանապարհին, և մենք լիահույս ենք, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն ԵՄ բոլոր անդամները պատրաստ կլինեն երկխոսությունը մեկնարկել»:

Համագործակցում են դատական բարեփոխումների ոլորտում

Սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին դեսպանն ընդհանուր առմամբ նկատեց.- «Մենք հրաշալի համագործակցություն ենք իրականացնում դատաիրավական ոլորտում, կարևոր բյուջետային աջակցության ծրագիր ենք իրականացնում, մասնավորապես ընթացիկ ծրագիր` հենց հակակոռուպցիոն ոլորտի ու դատական բարեփոխումների ուղղությամբ»: Դեսպանը հավելեց, որ գործարկում են նոր ծրագիր, որը միտված է ԱլԳ երկրներում հանցավորության դեմ պայքարին, և այդ ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը:

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Անդրեա Վիկտորինը հիշեցրեց, որ կառավարությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, և նշեց. - «Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը հենց ճիշտ կառույցն է, որ հնարավորություն ունի տրամադրելու ճիշտ եզրակացություն և կարծիք»:

«Իսկ ավելի ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ ես պետք է աջակից լինեմ ընդհանուր միջազգային ընդունված չափանիշներին և նշեմ, որ ցանկացած ժողովրդավարական համակարգում էական են ստուգումները և հակակշիռները: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության», - հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

ԵՄ-ն չի դիտարկում ռազմական օգնություն Հայաստանին

Հարցին, թե ՀՀ զինված ուժերում ռազմավարական համագործակցության հեռանկարը, ռազմական օգնությունը տարածաշրջանում արդյո՞ք դիտարկում են, դեսպանը պատասխանեց.- «Եվրամիությունը չի դիտարկում պաշտպանության ոլորտի կամ ռազմական ներկայություն Հայաստանին կամ պաշտպանության ոլորտին օգնություն տրամադրելն այս փուլում»: Միաժամանակ նա նշեց, որ ՊՆ-ի հետ կանոնավոր կապի մեջ են, տարբեր քննարկումներ են ունենում, ինչպես օրինակ` մարդու իրավունքների հետ կապված:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG