Մատչելիության հղումներ

Արցախի քաղաքացիների բողոքները չհիմնավորված թանկացումների վերաբերյալ տեղին են. պետնախարար


Արցախի քաղաքացիներից ստացվող բողոքներն ապրանքային շուկաներում անվերահսկելի վիճակի և չհիմնավորված թանկացումների վերաբերյալ տեղին են, այսօր կայացած խորհրդակցությանն ասել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել առկա դժգոհություններին:

«Այս իրավիճակում հանրության մոտ օբյեկտիվորեն կարող է կարծիք ձևավորվել, որ պետությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում այս հարցում, կամ մենք չունենք բավարար գործիքակազմ, որ այս հարցում ունենանք կարգավորիչ բավարար դերակատարություն»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը անթույլատրելի է համարել շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, ինչի արդյունքում լուրջ վտանգներ է ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Նա ընդգծել է, որ հատկապես առկա ծանր պայմաններում բևեռացումը՝ հարուստի և աղքատի, հնարավորություն ունեցողի ու չունեցողի տարբերակումը, լուրջ հարված է հասցնում ներքին կյանքին: Գուրգեն Ներսիսյանը նկատել է նաև, որ տպավորություն է ստեղծվում թե գնագոյացման ներկա պայմաններում պետությունը վնաս չի կրում, սակայն ամենամեծ վնասը հասցվում է քաղաքացիների գրպաններին, իսկ դա չի կարող չվնասել պետությանը:

«Շուկայական հարաբերությունների և հատկապես գների կարգավորման ամբողջ գործընթացը պետք է արագ բերենք իրավական դաշտ, որպեսզի չարամիտ տնտեսվարող սուբյեկտները պարտադիր ենթարկվեն տույժի»,- շեշտել է պետական նախարարը։

Արցախում շրջափակումը շարունակվում է արդեն 3 ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG