Մատչելիության հղումներ

Ալիևն օգտագործում է Չմիավորման շարժման հարթակը պրոպագանդայի նպատակով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման երկրների շփման խմբի հանդիպմանը, որը նվիրված է Covid-19-ի դեմ պայքարին։ Թեմայից դուրս նա անդրադարձել է այլ հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը։

Ալիևն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր անարդյունավետ է, որոշ բանաձևեր կատարվել են օրերի ընթացքում, իսկ Ադրբեջանի դեպքում, նրա պնդմամբ, Հայաստանը գրեթե 30 տարի անտեսել է ԱԽ-ի 4 բանաձևերը, որոնք պահանջում էին անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերել զինված ուժերը Ադրբեջանի տարածքից։

Նա կրկնել է բազմիցս արված իր հայտարարությունը, թե 2020 թվականին Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով իրականացնելով ՄԱԿ-ի բանաձևերի պահանջը։

Հետպատերազմյան շրջանի մասին Ալիևն ասել է, թե 2021-2022 թվականներին Ադրբեջանը մոտավորապես 4 միլիարդ դոլար է ծախսել ազատված տարածքների վերականգնման աշխատանքների վրա, այս տարի պլանավորում է 1 միլիարդ 700 միլիոն դոլար հատկացնել։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանն ամենաշատ ականապատված երկրներից մեկն է աշխարհում, 2020-ի պատերազմից հետո մոտավորապես 300 ադրբեջանցիներ են զոհվել ականների պայթյունից: Ալիևն առաջարկել է ականներից տուժած երկրների խումբ ձևավորել, որպեսզի իրենց ձայնն ավելի լսելի լինի։

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Իլհամ Ալիևը համառոտ ասել է, որ հակամարտությունից հետո Ադրբեջանը Հայաստանին խաղաղության համաձայնագրի հինգ հիմնական սկզբունք է ներկայացրել՝ հիմնված միմյանց ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Չմիավորման շարժման անդամ երկրներին, որոնք պաշտպանեցին Ադրբեջանի դիրքորոշումը և 2020 ու 2022 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին թույլ չտվեցին «հակաադրբեջանական միակողմանի ու կողմնակալ» բանաձևեր ընդունել։

Իր ելույթում Ադրբեջանի նախագահը, խոսելով միջազգային անվտանգության, գլոբալ փոփոխությունների, «սառը պատերազմից» հետո ամենալուրջ հակամարտության մասին, որևէ երկրի կամ պատասխանատուների անուններ չի նշել, բայց ուրիշ թեմայով խստորեն քննադատել է Ֆրանսիային։

Նրա ասելով՝ այսօր նեոգաղութատիրության աճող միտումի ականատեսն են։ «Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները ֆրանսիական գաղութային կայսրության տգեղ մնացորդներ են», - հայտարարել է Ալիևը՝ Ֆրանսիային մեղադրելով Հնդկական օվկիանոսում գտնվող Մայոտ կամ Մաորե կղզին իր անդրծովյան տիրույթում պահելու համար։ Նա ասել է, թե Չմիավորված երկրների շարժումը միշտ պահանջել է ճանաչել Կոմորյան կղզիների միության իշխանությունը այդ կղզու հանդեպ և Փարիզին կոչ է արել հարգել իր անդրծովյա տարածքների ժողովուրդների իրավունքները։

«Մենք Ֆրանսիային նաև կոչ ենք անում ներողություն խնդրել և պատասխանատվություն ընդունել իր գաղութային անցյալի և գաղութային արյունալի հանցագործությունների ու ցեղասպանության ակտերի համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ վայրերում Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG