Մատչելիության հղումներ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Ստեփանակերտից հաստատում են՝ երեկ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Ազատությանը» հայտնեց՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի վերաբերյալ, նաև քննարկվել է ադրբեջանցիների կողմից 2,5 կես ամիս փակ պահվող Լաչինի միջանցքի հարցը։

«Քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքը կապահովվի, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ», - ներկայացրեց Ավանեսյանը:

Թե արցախյան ու ադրբեջանական պատվիրակության կազմում ովքե՞ր են եղել, որտե՞ղ է տեղի ունեցել հանդիպումը, նախագահի խոսնակը չհայտնեց։

44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանն էր հումանիտար հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցում: Նա այդ պաշտոնից հունվարին ազատվեց:

Պաշտոնական Բաքուն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին դեռ չի հաղորդել:

Իշխող խմբակցության պատգամավորը ևս տեղյակ չէ, թե բանակցություններին ովքեր են մասնակցել

Իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասում է՝ տեղյակ չէ, թե ադրբեջանցիների հետ բանակցություններին ովքեր են Արցախից մասնակցել։ Հիշեցնում է՝ կողմերի միջև ավելի վաղ էլ են նման հանդիպումներ կայացել։ Նկատում է, սակայն, տևական ժամանակ է՝ նման հանդիպում տեղի չէր ունեցել։

«Բայց որպես այդպիսին այս հանդիպումն աննախադեպ չէ մինչ այդ բազմաթիվ տեխնիկական հարցերի շուրջ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր մակարդակներով ու որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Իհարկե, այդ պայմանավորվածությունները քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, զուտ տեխնիկական են: Սա նույնպես նմանօրինակ հերթական հանդիպումներից էր», - ասաց Աղաբեկյանը:

Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հաջորդ օրը։ Անցած շաբաթավերջին Մյունխենում Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը։

«Եթե դա թեկուզ միջանձնային հանդիպում է եղել և փորձում են ներկայացնել որպես բանակցություն, անընդունելի է»

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ դա անընդունելի է։ «Անկախ նրանից, թե ով է հանդիպել, եթե դա ի պաշտոնե հանդիպում չէ՝ որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչ, եթե դա միջանձնային թեկուզ հանդիպում է եղել և փորձում են ներկայացնել որպես բանակցություն, անընդունելի է», - նշեց Գալստյանը:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ իրենք չեն իմացել հանդիպման մասին: Դավիթ Գալստյանը համոզված է՝ Արցախի իշխանությունները տեղի են տալիս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածություններին: Պատգամավորն անընդունելի է համարում, իր ձևակերպմամբ, ժողովրդի թիկունքում պայմանավորվածությունների ձեռքբերումը.- «Քանի որ Ադրբեջանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի որդեգրած ուղին տանում է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ուղղությամբ և Արցախի իշխանությունները պետք է իրենց մեջ տղամարդկություն գտնեն, ոչ ասեն այդ պայմանավորվածություններին, այլ ոչ թե տրվեն այդ պայմանավորվածություններին»։

Ընդդիմադիր գործընկերոջ մեղադրանքները, ըստ իշխանական պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի, ներքաղաքական կոնտեքստ ունեն։ Իշխող ուժի ներկայացուցչի համոզմամբ՝ այդ հանդիպումներին այլընտրանք չկա. - «Միայն մի բան կարող եմ ասել, որ այդ հանդիպումները ոչ միայն անհրաժեշտություն են, այլև դրանց այլընտրանք չկա և գոյություն չունի, քանի որ մենք ապրում ենք հարևանությամբ և շատ հացեր միան փոխադարձ պայմանավորվածության շնորհիվ կարող են լուծվել»:

Բայրամովը պնդում է՝ Լաչինի միջանցքը բաց է

Մինչ Ստեփանակերտից հայտարարում են, որ հանդիպմանը նաև Լաչինի միջանցքի շրջափակման հարցն է քննարկվել, այսօր Ադրբեջանի արտգործնախախարն այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացացչության ղեկավարին ասել է, թե միջանցքը բաց է։ Բաքուն անցած 2.5 ամսվա ընթացքում բազմիցս է նման պնդում արել։

Ի դեպ, երեկ էլ Բայրամովը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը»։ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ դժգոհել էր, թե՝ «Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը»։

Հայաստանի արտգործնախարարն էր օրերս հայտարարել, որ հայկական կողմի համար անընդունելի է Լաչինի միջանցքի պայմանների վերաբանակցումը։

Այս նույն ընթացքում՝ հանդիպումից, պայմանավորվածություններից հետո Արցախում սպասում են ադրբեջանական կողմի քայլերին. - «Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները»:

Հայաստանից Արցախ հոսանք չի մատակարարվում ավելի քան 1.5 ամիս։ Ստեփանակերտում ու շրջաններում տեղական հոսանք են սպառում, ինչի հետևանքով հովհարային անջատումներ են։ Ձմռան ցրտին Ստեփանակերտից պարբերաբար ահազանգում են գազի պարբերական անջատումների մասին։ Շրջափակման ընթացքում Արցախում նաև պարենի և դեղորայքի պակասուրդ է առաջացել։

XS
SM
MD
LG