Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը մոտ տասը ժամ տևած երկաթուղային ուղևորությունից հետո Կիևից Լեհաստան վերադարձավ երկուշաբթի ուշ երեկոյան։ Լեհական Պերեմիշլ քաղաքից Սպիտակ տան ղեկավարն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ճանապարհը շարունակեցին օդանավով՝ դեպի Վարշավա, որտեղ մի քանի ժամից Բայդենը հանդես է գալու ծավալուն մի ելույթով։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված է լինելու Ուկրաինայի շուրջ ստեղծված կացությանը։
«Նախագահ Բայդենը [այդ ելույթում] հստակորեն կրկնելու է նախկինում բազմիցս արած այն հայտարարությունը, որի համաձայն Միացյալ Նահանգները շարունակելու է սատարել Ուկրաինային՝ որքան ժամանակ էլ չպահանջվի դրա համար», - հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Բայդենի այցի առթիվ երեկվանից Վարշավայի կենտրոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական պատնեշներ են տեղադրված Լեհաստանի նախագահի պալատի շրջակայքում, որտեղ հնչելու է Սպիտակ տան ղեկավարի ելույթը։
Լեհաստանում Ջոզեֆ Բայդենի այցից հիմնական ակնկալիքն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը կհայտարարի ուկրաինացիներին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու, անգամ դրա ծավալները մեծացնելու մասին։
«Կարծում եմ, որ մենք Բայդենի ելույթում կլսենք այն, ինչ սպասում ենք։ Նա գովեստի խոսքեր կուղղի մեզ, մենք կվայելենք դա, բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հետո պարզ կդառնա», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Վարշավայի բնակիչ Մարիան Սվիտալան։
Լեհաստանի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի՝ Սիլվիա Լոպիանի խոսքով, Բայդենի այցի հետ կապվող գլխավոր հույսն այն է, որ ամերիկացիները կկարողանան ինչ-որ կերպ ազդել Ռուսաստանի ղեկավարի պահվաքծի վրա։
«Հուսով եմ, որ Բայդենի այցը գոնե ինչ-որ բան կփոխի։ Ես սակայն վախենում եմ, անկեղծ ասած, որ այդ փոփոխությունները այնքան էլ մեծ չեն լինի, քանի որ մենք գործ ունենք Պուտինի հետ, իսկ նա ոչնչից կամ որևէ մեկից չի վախենում», - նշում էր Վարշավայի այս բնակչուհին։
Իսկ Լեհաստանում գտնվող հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականների հիմնական հույսն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահի այցը կնպաստի իրենց հայրենիքում խաղաղության հաստատմանը։
«Գլխավոր ցանկությունը, երազանքն այն է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, խաղաղություն և կայունություն լինի։ Հուսով ենք նաև, որ զենքի մատակարարումները կավելացվեն, իրավիճակը ռազմաճակատում կբարելավվի և մենք կհաղթենք», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Լեհաստանում պատսպարված փախստականներից մեկը՝ 32-ամյա Ալինա Կիլկոն։
Եվ մինչ լեհերն ու ամերիկացիների մյուս եվրոպացի դաշնակիցները սպասում են, թե ինչ է հայտարարելու Բայդենն այսօր երեկոյան, արևմտյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում ԱՄՆ նախագահի կիևյան ուղևորությունից։
«Գաղտնի և սյուրռեալիստական», - այսպես է բնութագրում Բայդենի այցը New York Times-ը՝ պնդելով, որ դեռ երբեք Սպիտակ տան որևէ ղեկավար չէր այցելել այնպիսի պատերազմական գոտի, որ չի գտնվում ամերիկացի զինվորականների ամբողջական վերահսկողության ներքո։
Թերթի տեղեկություններով, Բայդենի վարչակազմը այցի կազմակերպման ընթացքում ստիպված էր կատարյալ գաղտնիություն պահպանել և անգամ բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակել։
«Այն պահին, երբ նախագահ Բայդենը արդեն Կիևի ճանապարհին էր, Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց՝ պնդելով, թե երկրի ղեկավարը դեռ Վաշինգտոնում է և Եվրոպա է ուղևորվելու միայն երկուշաբթի առավոտյան», - գրում է թերթը։
New York Times-ը նաև հաղորդում է, որ այս այցի ընթացքում Բայդենին ընդամենը երկու լրագրող է ուղեկցել՝ Սաբրինա Սիդիքին Wall Street Journal-ից և Էվան Վուչին՝ АP-ից։
New York Times-ի տեղեկություններով, Բայդենի անվտանգության ծառայությունը նրանցից պահանջել է որևէ մեկին չհայտնել սպասվող ուղևորության մասին, իսկ այցի մանրամասներին նրանք տեղեկացել են էլեկտրոնային փոստով ստացված նամակից, որը վերնագրված է եղել «Տեղեկություններ գոլֆի մրցաշարին մասնակցության վերաբերյալ»։
Չնայած գաղտնիության այս ողջ շղարշին, Սպիտակ տունը քայլեր է ձեռնարկել նաև այն ուղղությամբ, որպեսզի Բայդենի այցը կատարյալ անակնկալ չլինի ռուսական կողմի համար։ Միացյալ Նահանգների նախագահին այս ուղևորության ընթացքում ուղեկցած պաշտոնյաներից մեկը՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ամերիկյան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Բայդենի՝ Կիև ժամանելուց մի քանի ժամ առաջ ռուսական կողմը զգուշացվել է դրա մասին։
«Մենք դա արել ենք կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար», - նշել է Սալիվանը։