Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե չի կարծում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կընդունի Մինսկում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
«Դա Բելառուսի նախագահի նոր նախաձեռնությունն է: Երևի լսել եք Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանից զատ նախագահ Բայդենի այցի օրակարգում այլ կանգառ չկա, հետևաբար, դժվար թե Վաշինգտոնն արձագանքի այդ առաջարկին», - ասել է Պուտինի խոսնակը:
Այսօր Նովո-Օգարևոյի նստավայրում Պուտինն ընդունելու է Լուկաշենկոյին:
Ավելի վաղ Լուկաշենկոն Բայդենին առաջարկել է այցելել Մինսկ և այնտեղ Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավորությունը: «Ինչո՞ւ չէ, նստենք երեքով բոլոր հարցերի շուրջ խոսենք»,- ասել է Լուկաշենկոն:
Միացյալ Նահանգների նախագահը փետրվարի 20-ից 22-ը կայցելի Լեհաստան, որտեղ կհանդիպի լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի և «Բուխարեստյան իննյակի» ղեկավարների հետ:
Այդ կառույցի կազմում են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան: