Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Արևմուտքը դեռ հակված է շարունակել պատերազմը»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարծիք է հայտնել, որ քանի դեռ Արևմուտքը քննարկում է պատերազմը շարունակելու տարբերակները, «հատուկ ռազմական օպերացիան» կշարունակվի:

«Մեր կարծիքով նրանք {Արևմուտքը} դեռ հակված են շարունակել պատերազմը: Դե եթե այդպես է, ուրեմն հատուկ ռազմական օպերացիան կանգ չի առնի»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա մեկնաբանությունները մեջբերում է ԲելՏա բելառուսական լրատվական գործակալությունը:

«Եթե նրանք ուզում են կռվել մինչև վերջին՝ ո՞վ էր այնտեղ, ուկրաինացին էր, լեհն էր, թե վարձկանը, դա նրանց իրավունքն է: Ես և մեր հատուկ ծառայությունները դեռևս չենք տեսնում, որ նրանք պատրաստ լինեն լիարժեք բանակցություններին, որ մարդավարի պայմանավորվեն»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավաստիացրել է, որ բելառուսները պատրաստ են ամեն բան անել, որ «այս կոնֆլիկտն ավարտվի իսկական պայմանագրով»:

«Մենք անկեղծ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Ոչ դուք {Ռուսաստանը}, ոչ էլ մենք պատերազմ չենք ուզել և չենք ուզում»,- հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը:

Նա հիշատակել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոնի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները «Մինսկյան համաձայնությունների» մասին:

«Դե փաստորեն նա պատերազմի էր պատրաստվում: Ուրեմն պետք չէ մեզ մեղադրել, ասել, թե մենք, իբր, ինչ-որ բանում մեղավոր ենք: Պատրաստվում էին պատերազմին, դե թող այսօր լափեն եփածը»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Շոյգուի հետ զրույցում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի պատասխան մեկնաբանությունների մասին տեղեկություններ չկան:

XS
SM
MD
LG