Մատչելիության հղումներ

Փրայսը հակադարձում է Վոլոդինին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, բուն կողմերին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձը լարվածությունը թուլացնելու ճանապարհ գտնելու անհրաժեշտությունն է՝ հետ բերելու այն համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա: Մենք ներգրավված ենք այդ ջանքերում. մենք ներգրավված ենք այդ ջանքերում երկկողմանիորեն, մենք ներգրավված ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները ուղղակիորեն կողմերի հետ՝ տարբեր հաստատությունների և խմբերի միջոցով, այդ գործն առաջ մղի», - հայտարարել է Փրայսը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը երեկ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի օրերս արած հայտարարությանը՝ ասելով, որ «Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին»: «Մենք դա ամենաակնհայտ ձևով տեսնում ենք Ուկրաինայի դեպքում, որտեղ Ռուսաստանն ուղարկել է իր ուժերը՝ իրենց ողջ դաժանությամբ՝ փորձելով իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, հեռացնել Ուկրաինայի իշխանությունը և զրկել Ուկրաինային իր ինքնիշխանությունից», - նշել է Փրայսը՝ հավելելով, որ Ռուսաստանը նման կերպ՝ քիչ պակաս կտրուկ մարտավարություն կիրառելով վարվում է տարածաշրջանի որոշ երկրների դեպքում:

«ՄԱԿ-ի Կանոնադրությունը, միջազգային իրավունքը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ այս բոլորը պաշտպանում են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության հայեցակարգը: Եվ հենց այդ տարրերն է խախտում Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում, իսկ որոշ դեպքերում Ուկրաինայից շատ հեռու գտնվող երկրների պարագայում»,- ասել է Նեդ Փրայսը։

Օրերս Մոսկվայում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի խոսնակը հայտարարել էր, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի»: «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել էր Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։

XS
SM
MD
LG