Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական է նշանակվել Լուիս Բոնոն


ԱՄՆ Պետքարտուղարը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Լ․ Բոնոն:

«Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու արձագանքի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններին աջակցելու հանձնառությանը»:

Պետքարտուղարը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։

Նույն օրը ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետքարտուղար Բլինքենի համար խորը կարևորության հարց է, որին Պետդեպարտամենտը մեծ ուշադրություն է հատկացնում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, որ այն չի հիշատակվում հաղորդագրությունում, Պատելն արձագանքել է, թե ի դեմս Բոնոյի Միացյալ Նահանգները ներգրավված է մնալու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման գործում, և «նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափում, ինչպես իր նախորդներն այդ դերում»: Խոսնակը վստահեցրել է նաև, որ դա «կայուն առաջնահերթություն» է Բայդենի վարչակազմի համար:

Մինչ այս պաշտոնում նշանակվելը Լուիս Բոնոն ԱՄՆ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի գործակալությունում, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սուրբ աթոռում։ Դիվանագետը աշխատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ապա ԱՄՆ փոխպետքարտուղարությունում՝ որպես փոխպետքարտուղարի՝ տնտեսական հարցերով խորհրդական։

Բոնոն փոխարինում է Ֆիլիպ Ռիքերին, ով Պետքարտուղարի կովկասյան գծով ավագ խորհրդական էր նշանակվել անցած տարվա օգոստոսին, և մոտ չորս ամսվա ծառայությունից հետո` այս տարեսկզբին, հեռացել: Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը միաժամանակ ընդգծել էր, որ նրա պաշտոնանկությունը «ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու՝ ԱՄՆ հանձնառությունը»։

XS
SM
MD
LG