Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովի զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից


Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ
Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ, ընդգծում է զեկույցը:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», - հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։

Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայող` երեկ ընդունված զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտեց խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ուժերն օկուպացրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկարաժամկետ հակամարտության հետ, զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Այն նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ Եվրամիությանը՝ շարունակաբար ներգրավվել, միջնորդել և արդյունավետորեն նպաստել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, նաև փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ:

Հարավային Կովկասում ժողովրդավարության առաջատար

Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, CEPA) ամբողջական ուժի մեջ մտնելը և Հայաստանի հանձնառությունը դրա իրականացմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորները գովաբանում են Հայաստանին վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացի համար՝ բարեփոխումներ, «որոնց արդյունքում երկիրը դարձավ ժողովրդավարության առաջատարը տարածաշրջանում»:

Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին և Հայաստանին սերտորեն աշխատել CEPA-ի շրջանակում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ դա ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումը, տնտեսական աճի և ոլորտային համագործակցության խթանումը:

Բացի այդ, զեկույցը ճանաչում է Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ ու խրախուսում Կառավարությանը՝ շարունակելու բարեփոխումների իրականացումը ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական անկախության ամրապնդման համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Ողջունելով լրատվամիջոցների ազատության բարելավումները՝ Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բնութագրվում է բևեռացվածությամբ, և իրենք մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև անհանգստացած են Հայաստանում ռուսական ապատեղեկատվական արշավներից՝ ուղղված Եվրամիության ու Արևմուտքի դեմ, և կոչ են անում ջանքեր գործադրել՝ բարելավելու երկրում մեդիա ոլորտի բազմազանությունը և մեդիագրագիտությունը: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները միաժամանակ ընդգծում են, որ որևէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG