Ռեզնիկովի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվում
Ռուսական ուժերի հնարավոր նոր հարձակումների և ուկրաինական բանակում կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ համառորեն լուրեր են շրջանառվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին։
Ալեքսեյ Ռեզնիկովի սպասվող հրաժարականի մասին նախօրեին ուշ երեկոյան հայտնել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիթ Արախամիան՝ տեղեկացնելով նաև, որ Ռեզնիկովին այդ պաշտոնում կփոխարինի ռազմական հետախուզության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այսօր Արախամիան, հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունը, Տելեգրամում գրել է, որ «Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի»։
Ինքը՝ Ռեզնիկովը, որը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերից, պնդել է, թե տեղյակ չէ իրեն հեռացնելու իշխանությունների պլանների մասին։
Ուկրաինայի ռազմական ոլորտի բարձրագույն ղեկավարության կազմում պաշտոնանկություններ են մեկնարկել դեռևս անցած ամիս՝ լրատվամիջոցների հրապարակած աղմկահարույց հետաքննություններից հետո։ Լրագրողները պարզել են, որ պատերազմող երկրի պաշտպանական գերատեսչությունը զորամասերի համար սնունդ է ձեռք բերում շուկայականից բարձր գներով։
Մի շարք բարձրաստիճան զինվորականների հեռացվելուց հետո էլ, սակայն, նախարար Ռեզնիկովը լրատվամիջոցների պնդումները որակել է «մտացածին պատրվակով արհեստական տեղեկատվական հարձակում»։
Ուկրաինայի իշխող ուժը չի հստակեցնում՝ պաշտպանական ոլորտում մեկնարկած կադրային փոփոխությունները կոռուպցիոն սկանդալի հետևանք են, թե՞ պայմանավորված են Մոսկվայի հնարավոր նոր հարձակումներով։
Ռուսական ուժերի հնարավոր նոր հարձակման մասին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին է երեկ հայտարարել, որ փետրվարին Ռուսաստանը կփորձի «խորհրդանշական ինչ-որ բան անել՝ անցյալ տարվա պարտություններից ուշադրություն շեղելու նպատակով»։
Financial Times-ն էլ, վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, գրել է, որ Կիևը «շատ հուսալի հետախուզական տվյալներ ունի» առաջիկա տասն օրվա ընթացքում Լուգանսկի շրջանում ռուսական ուժերի լայնածավալ հարձակումների մասին։
Մինչ այդ թեժ մարտերը շարունակվում են Բախումուտում, հաղորդվել է նաև Դոնեցկի ու Զապորոժիեի սահմաններից ոչ հեռու գտնվող Ուգլեդար քաղաքի մերձակայքում հարձակումների փորձերի մասին։
«Շատ ծանր է Դոնեցկում, կատաղի մարտեր են»,- ասել է Զելենսկին` հավելելով․ «Բայց որքան էլ ծանր լինեն, ինչպիսի ճնշում էլ լինի, մենք պետք է դիմակայենք»։
Հարձակողական գործողություններ միանգամից հինգ ուղղություններով
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն` ռուսական բանակը այս պահին հարձակողական գործողություններ է իրականացնում միանգամից հինգ՝ Ադեևվկայի, Բախմուտի, Կուպյանսկի, Լիմանի և Նովոպավլովսկայի ուղղություններով։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը նաև հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Դոնեցկի շրջանի Խարկովի, Խերսոնի և Դրուժկովկայի վրա, հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին։
Հռոմի պապը հանուն խաղաղության կրկին պատրաստակամություն է հայտնում հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ
Ուկրաինայում գրեթե մեկ տարի շարունակվող ահեղ մարտերի ֆոնին՝ բանակցային գործընթաց սկսելու հերթական կոչերն է հնչեցնում Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որի նախկինում արած առաջարկները պատերազմող կողմերը մերժել են։
Corriere della Sera թերթի հետ զրույցում Վատիկանի առաջնորդը կրկին հայտարարել է՝ պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպել՝ քննարկելու հրադադարը։
Կիևը Իսրայելից օգնություն է խնդրում
Կողմերն առայժմ չեն արձագանքել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջարկին։ Մինչ այդ Կիևը ռազմական օգնության փնտրտուքի մեջ է։
Ուկրաինայի իշխանությունները Իսրայելին են դիմել՝ 500 միլիոն դոլար վարկի խնդրանքով։ The Jerusalem Post-ին պատկանող Walla պարբերականի տվյալներով՝ Ուկրաինան պահանջների ցանկ է ներկայացրել Իսրայելին, ֆինանսական աջակցությունից զատ պահանջելով «հստակ հրապարակային հայտարարություն ընդդեմ Ռուսաստանի ներխուժման և աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։
Կիևը նաեւ ցանկանում է, որ հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ և խաղաղ բնակիչներ բուժում ստանան Իսրայելում, ինչպես նաև հիշեցրել այդ երկրի խոստման մասին՝ օգնելու օդային հարձակման մասին նոր ազդանշանների համակարգ ստեղծել։
Իսրայելի նախկին վարչապետի խոսքով՝ Պուտինն իրեն խոստացել է չսպանել Զելենսկուն
Իսրայելից ստացվող այս տեղեկատվությանը զուգահեռ, ի դեպ, այդ երկրի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն է որոշ ուշագրավ մանրամասներ պատմել փակ դռների ետևում ռուսական ու ուկրաինական կողմերի հետ իր ունեցած զրույցների մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին միջնորդական դեր ստանձնած Իսրայելի նախկին առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է, որ անցած տարվա մարտին Պուտինն իրեն խոստացել է չսպանել Զելենսկուն։
«Ես նրան հարցրի՝ ի՞նչ է կատարվում, Դուք պլանավորում եք սպանե՞լ Զելենսկուն։ Նա պատասխանեց՝ ես չեմ սպանի Զելենսկուն։ Այդ ժամանակ ես նրան ասացի՝ ես պետք է հասկանամ, որ Դուք ինձ խոստանում եք չսպանել Զելենսկուն։ Նա ասաց՝ ես չեմ պատրաստվում սպանել Զելենսկուն»։
Բեննեթի խոսքերով՝ մոսկովյան օդանավակայան տանող ճանապարհին մեքենայում զանգահարել է Զելենսկուն ու պատմել Պուտինի հետ իր այդ զրույցի մասին։
«Նա Ձեզ չի սպանի։ Հարցեց՝ համոզվա՞ծ եք։ Ես ասացի՝ հարյուր տոկոսոս, նա Ձեզ չի սպանի», - պատմել է Բեննեթը։
Կրեմլն այսօր հաստատել է՝ Պուտինի և Բեննեթի միջև հանդիպում կայացել է, բայց բանակցությունների մանրամասները Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատմել։