Մատչելիության հղումներ

Կիևը խոստանում է չօգտագործել մեծ հեռահարության զենքը ռուսական տարածքին հարվածելու համար


Ուկրաինա - HIMARS կայանքից հրթիռ է արձակվում, նոյեմբեր, 2022թ.
Ուկրաինա - HIMARS կայանքից հրթիռ է արձակվում, նոյեմբեր, 2022թ.

Ուկրաինայի պաշտպանության նախարարը խոստացել է չօգտագործել ամերիկյան ավելի մեծ հեռահարության զենքը ռուսական տարածքին հարվածելու համար։ Այդ մասին Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է կիրակի օրը կայացած ասուլիսի ժամանակ:

«Մենք միշտ պաշտոնապես հայտարարում ենք մեր գործընկերներին, որ չենք օգտագործի օտարերկրյա գործընկերների տրամադրած զենքերը ռուսական տարածքը գնդակոծելու համար: Մենք կրակում ենք ռուսական ստորաբաժանումների վրա միայն ժամանակավոր օկուպացված ուկրաինական տարածքում», - ասել է Ռեզնիկովը:

Միացյալ Նահանգները 2,17 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության վերջին փաթեթում ներառել է 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ: HIMARS կայանքները, որոնք ուկրաինական բանակն արդեն օգտագործում է պատերազմում, ներկայումս ի վիճակի են խոցել թիրախը միայն 80 կիլոմետր հեռավորության վրա: Ռեզնիկովը պատմել է ասուլիսում, որ ռուսներն իրենց ռազմական պահեստներն այդ պատճառով ճակատից ավելի քան հարյուր կիլոմետր հեռու են պահում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարը երեկ ասուլիսի ընթացքում հավելել է նաև, որ ներխուժման տարելիցին իրենք Ռուսաստանից սպասում են նոր զանգվածային հարձակում։

Մինչ Կիևը խոստանում է չկրակել Ռուսաստանի տարածքի վրա ամերիկյան ավելի հեռահար զենքով, Observer թերթի թղթակիցը պնդում է, թե ուկրաինական հատուկջոկատայինները գործում են Ռուսաստանի տարածքում։ Լրագրողը զրուցել է Ռուսաստանի տարածքում գործող ուկարինական «Եղբայրություն» կամավորական գումարտակի երեք դիվերսանտների հետ:

Ռուսաստանի տարածքում ուկրաինացի դիվերսանտները, իրենց իսկ պնդմամբ, ոչնչացնում են ենթակառուցվածքներ և ինքնաթիռներ:

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից գրեթե մեկ տարի անց արևմտյան երկրները համաձայնել են Կիևին փոխանցել հարձակողական զենք համարվող արդիական գերմանական և ամերիկյան տանկեր, ինչպես նաև գերարդիական հեռահար հրթիռներ, ինչը հնարավոր չէր պատկերացնել ամիսներ առաջ։

Պաշտոնական Կիևը, սակայն, ակնկալում է, որ Արևմուտքը կտրամադրի նաև կործանիչներ, հատկապես երբ ռուսական զորքերն ուժգին հարձակման են անցել ճակատում Դոնեցկի մարզում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի համար:

XS
SM
MD
LG