Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ուկրաինան կարող է արդեն այս տարի սկսել անդամակցության բանակցությունները ԵՄ-ի հետ»


Ուկրաինայի և Եվրոպական միության ղեկավարները Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովում, Կիև, 2 փետրվարի, 2023թ.
Ուկրաինայի և Եվրոպական միության ղեկավարները Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովում, Կիև, 2 փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել է, թե միանգամայն հնարավոր է, որ երկիրն արդեն այս տարի սկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները:

Այդ մասին նախագահը նշել է Կիևում Եվրամիության ղեկավարների հետ հանդիպելուց հետո:

Երեկ տեղի է ունեցել Ուկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպական կառույցների տասնյակ բարձաստիճան այլ պաշտոնյաներ:

Դա առաջին գագաթնաժողովն էր, որը գումարվել է Ուկրաինայի տարածքում այդ երկրի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:

«Որո՞նք են մեր հանդիպման կոնկրետ արդյունքները: Մենք փաստեցինք, որ հնարավոր կլինի այս տարի սկսել անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ: Բացի այդ, մեր գործընկերների հետ կա ըմբռնում, որ այս տարի, ինչպես և անցյալ տարում էր, պետք է ուժեղացնել մեր երկրի պաշտպանական կարողությունը և ավելացնել Ռուսաստանի վրա ճնշումներն, այդ թվում՝ պատժամիջոցները»,- գիշերային տեսաուղերձում ասել է Զելենսկին:

Երեկ կողմերը քննարկել են եվրոպական շուկաներ ուկրաինական արտադրանքի փոխադրումը դյուրացնելու հնարավորությունը, պայմանավորվել են օգնություն տրամադրել ռուսների օդային հարվածներից քայքայված ուկրաինական էներգահամակարգին և սահմանել Մոսկվայի նկատմամբ նոր սանկցիաներ:

XS
SM
MD
LG