Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն


Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ որոշումն այսօր կառավարությունն ընդունեց։

Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից էլ տրանսպորտային միջոցներ կներգրավվեն։

Հավաքներին կմասնակցի մինչև 3 հազար 281 քաղաքացի, 2 հազար 897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 25 օրով։

Անցյալ տարեվերջին կառավարությունը տեղեկացրել էր, որ պատրաստվում է եռամսյա հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով, որոնք պարտադիր կլինեն բոլոր զինապարտների համար։ Նախկինում Զինված ուժերի պահեստազորի հավաքներն ընթանում էին եռամսյա ձևաչափով:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ քաղաքացին 7 օր անցնում է պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն։ «Մենք նրանց հնարավորություն ենք ընձեռելու ժամկետ ընտրել։ Պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացին ինքն ընտրում է տարվա մեջ ժամկետը, երբ ինքը կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», - ասել էր նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել էր, որ պահեստազորը ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվի։ Ըստ նրա՝ այդ գործընթացը շատ երկար ժամանակ պատշաճ չէր իրականացվել, ինչի հետևանքները տեսանելի են եղել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։

XS
SM
MD
LG