Մատչելիության հղումներ

«Եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք»․ Փաշինյանը կրկին առաջարկ է անում նախկին նախագահներին


Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան
Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան

«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով նախկին երեք նախագահներին։

Լևոր Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը փաստացի մերժեցին ուղիղ եթերում բանավիճելու Փաշինյանի առաջարկը։

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետը:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Հայաստանի նախկին երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գրասենյակներից միաձայն պնդեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Երեկ ավելի ուշ Ֆեյսբուքում՝ տեսաուղերձի միջոցով, Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրեց ուղիղ եթերում բանավեճի։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքելով՝ Ֆեյսբուքում գրեց, թե պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ՝ շեշտելով՝ «արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»:

Մուսինյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան «բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով՝ թվարկելով՝ «Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ ասաց, թե «բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»։

«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի», - Ֆեյսբուքի միջոցով հայտարարեց Միկոյանը։

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել են՝ «ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը»:

Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար, հայտարարել են Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ խորհուրդ տալով Փաշինյանին բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG