Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հրաժարական են տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ


Ուկրաինայում հրաժարական են տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, որոնց հասցեին վերջին շրջանում կոռուպցիոն մեղադրանքներ էին հնչում:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, մասնավորապես, քննադատության թիրախում էր հայտնվել ամենագնաց վարելու համար, որը General Motors-ը մարդասիրական առաքելությունների համար էր նվիրել Ուկրաինային: Հրաժարական է տվել նաև Պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, ով պատասխանատու էր Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։

Միաժամանակ հայտարարվել է, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետաքննում է զինվորականների համար սննդամթերքի ձեռք բերման հնարավոր չարաշահումները։

Այս հրաժարականները տեղի են ունենում Ուկրաինայի համար վճրորոշ պահի, երբ Արևմուտքը քննարկում է ուկրաինական բանակին նաև հարձակողական սպառազինություն, մասնավորապես, ժամանակակից տանկեր մատակարարելու հարցը։

Այսօր այդ հարցով հանդիպել են Գերմանիայի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Բանակցություններից հետո Յենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ Բեռլինը շուտով կհրապարակի իր որոշումը։ Սակայն նախարար Պիստորիուսը որոշման հստակ ժամկետ չի նշել՝ խոստանալով, որ Գերմանիան կօգնի Ուկրաինային. - «Մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի այս պատերազմում, այլ հաղթի Ռուսաստանին։ Եվ դրա համար Գերմանիան անում է ավելին, քան գրեթե ցանկացած այլ դաշնակից, բացի Միացյալ Նահանգներից»։

Ուկաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չի կասկածում, որ Ուկրաինան կստանա գերմանական տանկերը։ Նրա խոսքով, մատակարարման շուրջ բանակցությունները վերջնական փուլում են. - «Տանկերի հետ կապված մնում է անել վերջին կես քայլը: Մենք արդեն ստացել ենք բրիտանական «Չելենջերները», ինչն անհնարին էր թվում: Մենք արդեն ստանում ենք ֆրանսիական թեթև տանկեր: Ֆրանսիայում քննարկումներ են նաև Leclerc տանկերը մեզ տրամադրելու շուրջ: Ես կասկած չունեմ, որ Leopard տանկերն էլ մեզ կհասնեն, մենք վերջնական փուլում ենք»։

Ընդ որում, Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարը երեկ ասել է, թե կա առաջխաղացում նաև մարտական ինքնաթիռներ մատակարարելու հարցում։ Խոսքն առայժմ տեղեկատվական առաջխաղացման մասին է․ - «Մեզ մնում է երեք մեծ հարց։ Մեկը, կարծում եմ, գրեթե լուծված է, դա տանկերն են։ Եվ երկու հարց, որ դեռ չի լուծվել՝ հեռահար հրթիռներն ու մարտական ինքնաթիռները։ Բայց տեղեկատվական տարածքում արդեն կա առաջխաղացում։ Կան քննարկումներ, մասնավորապես, մեզ ռազմական օդանավեր տրամադրելու շուրջ։ Նախկինում նման բան չկար»։

Մինչ Արևմուտքը քննարկում է, թե ինչ զենք տալ ուկրաինական բանակին, ռուսական ուժերը շարունակում են Բախմուտ քաղաքի ուղղությամբ գրոհները։ Այդ գրոհներին, արևմտյան հետախույզների տվյալներով, մեծամասամբ մասնակցում են Վագներ մասնավոր ընկերության վարձկանները։

Բախմուտի մոտակայքում կռվող ուկրաինացի զինվորականների խոսքով, քաղաքի համար կատաղի մարտեր են ընթանում. - «Այս պահին տեղի է ունենում զանգվածային հրետակոծություն։ Սա վատ է մեզ համար, քանի որ հրետակոծությունից հետո, որպես կանոն, հետևակն է առաջ գաիս։ Բայց Բախմուտը դեռ չի հանձնվում»։

Թեժ է այսօր ոչ միայն Բախմուտի ճակատում, այլև Լուգանսկի մարզում, որտեղ ուկրաինացիներն են փորձում առաջ գնալ։ Politico-ն, հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին, գրում է․ - «Ուկրաինական զորքերը աստիճանաբար առաջ են շարժվում դեպի Լուգանսկի շրջանի արևելքում գտնվող Կրեմեննայա քաղաք՝ ազատագրելով ռուսական բանակի կողմից օկուպացված տարածքը։ Սա հավանաբար նախապատրաստական փուլ է ուկրաինական բանակի գարնանային հարձակման համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG