Ուկրաինայում այսօր առավոտը բացվեց հերթական ծանր լուրով. ընթացող պատերազմին գումարվեց աղետը, որ տեղի է ունեցել Կիևի մարզի Բրովարի քաղաքում։ Այնտեղ ուղղաթիռի կործանման հետևանքով 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուղղաթիռում գտնվող Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու նրա տեղակալները։ Զոհերի թվում երեք երեխա կա, 25 մարդ վիրավորվել է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, ուղղաթիռը կործանվել է առավոտյան 8:10-ի սահմաններում։ Նախնական տվյալներով, մառախուղի պատճառով ուղղաթիռ ընկել է մանկապարտեզի և բնակելի շենքի միջև, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի իրավապահ մարմինները չեն բացառել նաև դիվերսիան։ Կատարվածը հետաքննելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։
Իսկ մի քանի օր առաջ Դնեպրում բնակելի շենքին ռուսական հրթիռի հարվածի հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 50-ը։ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովի փոխանցմամբ՝ այս պահին դեռևս 25 մարդ անհետ կորած է համարվում։
Երեկ երեկոյան իր ուղերձում Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ Դնեպրում հրթիռակոծված շենքում մահացել է նաև 11 ամսական երեխա. - «Այսօր Դնեպրում ավարտվել են փրկարարական աշխատանքները։ Մահացածների ցուցակում 45 ուկրաինացի է, այդ թվում՝ 6 երեխա, այդ թվում՝ ընդամենը 11 ամսական մի տղա։ Երեխաներն ու խաղաղ բնակիչները Ռուսաստանի համար թշնամիներ են»։
Պատերազմի 11-րդ ամիսն է, ամեն օր մարդիկ են զոհվում թե ճակատում, թե խաղաղ բնակավայրերում, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր դարձյալ հայտարարել է, թե Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. - «Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նա իրավաբանորեն արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ»։
Ուկրաինայի նախագահի առաջարկած խաղաղության բանաձևն էլ Սերգեյ Լավրովը անհեթեթություն է որակել։ Նախօրեին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը թվարկել էր ռուսական կողմի հետ բանակցությունների հիմնական պայմանները։ Սերգեյ Նիկիֆորովի խոսքով, Կիևը պատրաստ է բանակցություններ սկսել «ագրեսոր երկրի հետ», եթե դրանք հիմնված լինեն «մի շարք հիմնարար, ունիվերսալ սկզբունքների վրա» և Ուկրաինան մտադիր չէ ստորագրել ռուսական կողմի առաջ քաշած «վերջնագրերը»։
Մինչ այդ, կատաղի մարտերը շարունակվում են Բախմուտի ուղղությամբ։ Բրիտանացի հետախուզյների տվյալներով, երեկ երեկոյան ուկրաինական ուժերը, ամենայն հավանականությամբ, դուրս են բերվել Բախմուտից տասը կիլոմետր հեռու գտնվող Սոլեդար քաղաքից՝ այն թողնելով Վագներ մասնավոր ռազմական խմբավորման վերահսկողության տակ։
Այսօր պատերազմին է անդրադարձել նաև այդ պատերազմը սկսած Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինի խոսքով, այն, ինչ այսօր անում է Ռուսաստանը Ուկրաինայում, պատերազմին վերջ տալու համար է։ Պուտինն այս հայտարարությունն արել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և պաշարված Լենինգրադի բնակիչների հետ հանդիպմանը. - «Դոնբասում մարտերը չեն դադարում 2014 թվականից ի վեր։ Այն ամենը, ինչ այսօր անում է Ռուսաստանը, պատերազմն ավարտելու փորձ է... Մեզ ուղղակի խաբեցին։ Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ արեցինք այս իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այսօր սակայն պարզ դարձավ, որ դա, ըստ էության, հնարավոր չէր»։
Պուտինը դարձյալ մեղադրել է արևմուտքին, բայց այս անգամ ոչ միայն այսօրվա զարգացումների, այլ նաև անցյալի համար, նույնիսկ պնդել է, թե Լենինգրադը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պաշարել էին ոչ միայն գեմանական ուժերը, այլ եվրոպական շատ երկրների զինվորականներ։ Թե կոնկրետ որ երկերներին նկատի ուներ, Ռուսաստանի նախագահը չի ասել։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դաշնակիցներ էին։
Պուտինի շարունակական այս մեղադրանքների ֆոնին Արևմուտքը շարունակում է հայտարարել, որ վճռական է Ուկրաինային աջակցելու հարցում։
«Բայց հիմնականն այն է, որ մենք վճռական ենք՝ համոզվելու, որ Ուկրաինան ունի այն, ինչ իրեն անհրաժեշտ է ռազմի դաշտում հաջողության հասնելու համար: Այս պատերազմն արդար և տևական ավարտին հասցնելու ամենաարագ ճանապարհը Ուկրաինային ուժեղ դիրքրեն են ռազմի դաշտում , ինչը թույլ կտա բանակցություններ սկսել», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա համոզմամբ, գրավված նոր տարածքները Ռուսաստանի կազմում ճանաչելը չի կարող ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկային կետ լինել։