Մատչելիության հղումներ

Ռուսները հերթական անգամ հայտարարում են Սոլեդարը գրավելու մասին, Ուկրաինան դարձյալ հերքում է


Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, թե ռուսները Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթելու են։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Շոյգուն այս մասին ասել է «հատուկ ռազմական գործողության գոտում», «Վոստոկ» զորքերի խմբավորման շտաբում:

«Համոզված եմ՝ ամեն ինչ կանենք Հաղթանակի օրն ունենալու համար», - ասել է Շոյգուն։

Հավանաբար նաև այդ հաղթամակն ապահովելու համար, ըստ Շոյգուի, Ռուսաստանը մտադիր է առաջիկա երեք տարում շարքայինների թիվն ավելացնել՝ մեկ միլոինից հասցնելով 1,5 միլիոնի։ Եվս երկու միլիոն մարդ գտնվում է պահեստազորում։

Մինչ Ռուսաստանն ամրապնդում է բանակը՝ նորանոր զինվորների կանչելով ծառայության, ՄԱԿ-ը հաղորդում է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների մասին։ Ըստ այդմ, արդեն գրեթե մեկ տարի տևող պատերազմում զոհվել է ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի նոր զեկույցն ընդգծում է, որ խոսքը միայն փաստագրված ու հաստատված դեպքերի մասին է, և իրականում մահացածների թիվը կարող է մի քանի անգամ շատ լինել։

Մինչ այդ փրկարարները նոր դիեր են դուրս բերում Դնեպրում օրեր առաջ հրթիռակոծված շենքի փլատակներից։ Վերջին տվյալներով, մահացել է 44 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Տուժածների թիվը հասնում է ութսունի, նրանց թվում ևս տասնակից ավելի երեխաներ կան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, դատապարտել է ռուսական հրթիռային հարվածը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ սա պատերազմի կանոնների հավանական խախտման ևս մեկ օրինակ է», - ասել է Գուտերեշի մամուլի քարտուղարը։

Բրիտանացի հետախույզների կարծիքով, հունվարի 14-ին Ռուսաստանը, ամենայն հավանականաությամբ, հարվածել է Դնեպրին ոչ ճշգրիտ X -22 հականավային հրթիռով: Ինչպես նշվում է բրիտանական գերատեսչության հաղորդագրության մեջ, ցամաքային թիրախների ուղղությամբ կրակելիս X-22-ն ունի բավականին ցածր ճշգրտություն, հատկապես եթե օգտագործվում է քաղաքային բնակավայրերում։

Նրանց կարծիքով, նույն տեսակի հրթիռ է հավանաբար օգտագործվել հունիսի 27-ին Կրեմենչուգում, երբ առևտրի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ:

Ռուսական կողմը պնդում է, թե Դնեպրի բնակելի շենքի վրա ընկած հրթիռը խոցել էր ուկրաինական հակահրթիռային համակարգը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահաի վարչակազմի խորհրդական Օլեքսի Արեստովիչին։ Վերջինս միջադեպից անմիջապես հետո ասել էր, թե հնարավոր է հրթիռը ընկել բնակելի շենքի վրա ուկրաինական հակաօդային համակարգի հարվածից հետո։ Ավելի ուշ Արեստովիչը հայտարարել է, թե հոգնած էր և սխալվել է, իսկ այսօր՝ վիճահարույց հայտարարութունից երկու օր անց, հրաժարական է տվել։

Մինչ այդ իրավիճակը ճակատում մնում է ամփոփոխ․ թեժ մարտերը Բախմուտի մոտ շարունակվում են։ Ռուսները հերթական անգամ հայտարարում են, թե գրավել են Բախմուտից տասը կիլոմետր հեռու գտնվող Սոլեդար քաղաքը։ Վերջին յոթ օրվա ընթացքում սա երրորդ նման հաղորդագրությունն է։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, մինչդեռ, հայտարարել է, թե վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները հաջողությամբ հետ են մղել ռուսական հարձակումները 20 բնակավայրերում, այդ թվում Սոլեդարում։

XS
SM
MD
LG