Մատչելիության հղումներ

«Բոլորիս կյանքը ոնց որ մի մազից ա կախված». Աղավնոյից տեղահանված կին


Կարինե Ռասոյան
Կարինե Ռասոյան

Անցած օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Աղավնոյի նախկին բնակիչ Կարինե Ռասոյանի միակ մխիթարանքն իր աճեցրած ծաղիկներն են։ Ասում է՝ գոնե մի կտոր հող Արցախից իր հետ փախցրեց, բույսերի մի մասը, իհարկե, թոշնել է տնից տուն տեղափոխվելիս։

Երկու դուստրերի և տարեց մոր հետ Երևանում հայտված կինն արդեն երրորդ վարձով տունն է փոխում վեց ամսվա ընթացքում։ Տանտերերն ամեն ամիս բարձրացնում են վարձը, պետության տված 10 միլիոն դրամ սերտիֆիկատով էլ միայնակ մայրն առայժմ չի կարողանում չորս շնչի համար մի անկյուն գտնել. - «Էս սերտիֆիկան չասեմ՝ սև թուղթը... մեր բոլորիս կյանքը ոնց որ մի մազից ա կախված»։

Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև10 միլիոն՝ մարզերում և մինչև12 միլիոն՝ Արցախում տուն գնելու համար։ Սերտիֆիկատը ստանալուց հետո ընտանիքը մեկ տարի ժամանակ ունի՝ հիպոթեկային վարկ ձևակերպելու համար։ Տեղահանված արցախցիներից շատերն են, սակայն, սրտեղում՝ այս ծրագրից օգտվելը չափազանց բարդ է՝ անշարժ գույքը շատ է թանկացել, գնահատող կազմակերպությունները շուկայական արժեքին համարժեք չեն գնահատում տները և ի վերջո մարդիկ փող չունեն կանխավճարի համար։

«Նախնական 500 հազար բանկը գումար ա պահանջում, տունն էն շատ ցածր գնահատում։ Տունը ճարել ես, ենթադրենք 10 միլիոն, բանկը տունը գնահատում ա 5-6 միլիոն։ Ո՞նց առնեմ... Մեկ ես, միայնակ մայր, ո՞նց առնեմ։ Չեմ կարա առնեմ», - բողոքում է Կարինե Ռասոյանը։

Բնակարանների սերտիֆիկատները ստանալուց հետո ևս 2 ամիս տեղահանված արցախցիներ 40 հազար դրամ նպաստ են ստացել, հիմա այդ ծրագիրն էլ է դադարել ու մարդիկ հայտնվել են փակուղում։

Կարինեն Աղավնոյում դպրոցում էր աշխատում, նաև հող ուներ, գյուղատնտեսությամբ ու անանսապահությամբ էր զբաղվում։ Հիմա միայն վարկեր ու պարտքեր է շալակել. - «Վարկ էի վերցրել, գոմ էի կառուցել։ Էդ վարկերը պետությունը յանի մարեց, բայց կիսատ-պռատ, հինգ հարյուր քանի հազար տույժ ու տուգանք թողեց վրես։ Հիմա քանի տեղ դիմել եմ, որ էդ տույժ ու տուգանքը պակասացնեն, 250 հազար պետք ա բանկին վճարեմ։ Եթե չանեմ, գործարք չեմ կարող անեմ... Դե բանկին ասում ես էդ ամեն ինչը մնացել ա Արցախում, ասում ա՝ ինձ հետաքրքիր չի, վերցրե՞լ ես վարկը, պետք ա մուծես։ Սկի ապրելուս վարձը չեմ կարում էս պահիս մուծեմ... ես նա ո՞նց կարամ մուծեմ»։

Անցած տարեվերջին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել էր, որ ծրագիրը բարելավվելու է, մասնավորապես, եթե տունը 10 միլիոն դրամից ցածր գնահատվի, պետությունը մնացորդը հետ չի վերցնի և ընտանիքն այդ գումարի սահմաններում կարող է ձեռք բերել նաև հողակտոր կամ օգտագործել վերանորոգման համար։ Գումարն ավելացնելու մասին, սակայն, խոսք չկա։ Նախարարությունը վերանայել է նաև վարկունակության գնահատման մի քայլը. կդիտարկվի հավաստագիր ստացած ընտանիքի դրական վարկային պատմությամբ յուրաքանչյուր չափահաս անդամը, մյուսների վարկունակությունը, եթե նույնիսկ սև ցուցակում լինեն, չի գնահատվի։

Կարինեի համար սա լուծում չէ։ Ավագ դուստրը՝ Մարիանան չափահաս է, հիմա խանութում է աշխատում, 15-ամյա Անին Հայաստան տեղափոխվելուց հետո հրաժարվում է դպրոց գնալ, մատնահարդարում է սովորում, որպեսզի մորը օգնի։ Բայց այս ամենը ոչ մի կերպ ավելի գրավիչ չի դարձնում Կարինեի վարկային պատմությունը բանկի աշխատողների համար. - «Անորոշ վիճակ ա։ Չգիտենք ոնց կըլնի, ինչ կըլնի...։

Թեև Արցախ տեղափոխվելու համար պետությունն ավելի մեծ գումար է առաջարկում, բայց Կարինեն արցունքները խեղդելով ասում է՝ չէ, Հայաստանում մի կերպ կհարմարվի. - «Արցախը ես շատ-շատ սիրում եմ, նամանավանդ մեր Աղավնոն շատ եմ սիրում։ Նա մեր համար մի հատ երազ ա էղել։ Ցավալի ա էլի... շատ տարիներ ա, էնտեղ լավագույն օրեր... Մինչև վերջ չենք հավատացել, որ Աղավնոն հանձնվում ա»։

44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված 20 հազար մարդուց ավելի քան 5 հազարը դեռ շարունակում է ապրել Հայաստանում։ Նրանցից շատերը կյանքն Արցախից դուրս սկսել են զրոական կետից՝ մի աթոռով, մի սեղանով, մի բացմոցով կամ, ինչպես Կարինեն, լավ օրերը հիշեցնող մի հին օրացույցով. - «Սենց պահում ենք... եսիմ։ Միգուցե մի օր կարող ա հաջողություն լինիլ կարանք Արցախ գնանք, հետ գնանք մեր տուն...»

XS
SM
MD
LG