Մատչելիության հղումներ

Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել


Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել, այս մասին նա տեղեկացրել է տելեգրամյան իր ալիքում։

«Պաշտոնից հեռանալու մասին դիմում եմ գրել։ Ուզում եմ քաղաքակիրթ պահվածքի օրինակ ցույց տալ. սկզբունքային սխալ նշանակում է՝ հրաժարական»,- գրել է Արեստովիչը։

Հունվարի 14-ին ուկրաինացի պաշտոնյան հայտարարել էր, որ Դնեպրում 40 մարդու կյանք խլած հրթիռակոծության համար պատասխանատու է ուկրաինական ՀՕՊ-ը։ Թեև Արեստովիչը մի քանի անգամ ներողություն է հայցել, այդուհանդերձ ուկրաինական օրենսդիր մարմնի մի խումբ ներկայացուցիչներ պահանջել են նրա անհապաղ հրաժարականը՝ ընդհուպ իրավապահներից պահանջել ստուգել՝ արդյոք նախագահականի պաշտոնյան պետական դավաճանություն չի արել։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Արեստովիչը դարձել է Զելենսկու գրասենյակի հիմնական խոսնակներից մեկը, որն ամենօրյա ելույթներով մեկնաբանում էր պատերազմի ընթացքը։ Ուկրաինական սոցիոլոգիական ծառայությունների հետազոտության համաձայն՝ նախագահի գրասենյակի խորհրդականը Ուկրաինայի երեք ամենահայտնի քաղաքական և հասարակական գործիչներից մեկն է` նախագահ Զելենսկիից ու Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիից հետո:

XS
SM
MD
LG