Հովտաշենցի Մարգար Հովնանյանը դեռ անցած տարի պետությունից ստացած արտոնյալ վարկի շնորհիվ ջերմոցը մեծացրել է, լոլիկի տեսակներն ավելացրել։ «Մախիտոսը» սիրուն է, բայց «Լինդայից» համով չէ, ասում ու կատակում է, թե կնոջ՝ Նարինեի հետ այս հարցում երբեք մի մտքի չեն. «Լինդան» համով է, բայց սիրուն չի, իսկ «Մախիտոսը» սիրուն է, բայց էն համը չի, ինչ «Լինդան»:
«Մախիտոս» լինի, թե «Լինդա», մեկ է՝ իրացնել է պետք։ Բերքից դժգոհ չեն։ Առայժմ մայրուղուն կից բացված շուկայում կարողանում են սպառել։ Բայց հույս չէ։ Եթե Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի անցակետը հանկարծ փակվի, ինչպես ծիրանի սեզոնին եղավ, սպասած եկամուտը չեն ունենա։ Մարգարն ասում է՝ ծիրանից այդպես էլ օգուտ չտեսավ։
«Որ դուրս գնար, 250 դրամով պետք է վաճառեինք, բայց վաճառում էինք 100-150 դրամով, լճացում էր: Մեր ծիրանը Հայաստանին շատ-շատ է», - նշում է նա:
Հարևան Ջրաշենում միայն 240 հա պտղատու այգի ունեն։ Ջրաշենը ծիրանի արտադրության կենտրոնն է, ասում է գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Ղազարյանը։ Միայն ինքը տարեկան 15-20 տոննա ծիրան է աճեցնում, որ Հայաստանում անհնար է սպառել։ Միակ հույսն այս դեպքում Ռուսաստանն է՝ Լարսի անցակետով։ Մեկ ամիս առաջ փլուզման հետևանքով մի քանի օր փակ էր Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։
Ծիրանի իրացման ամենաակտիվ շրջանում պահանջարկը մնացել էր միայն ներքին շուկայի վրա։ Մրգի գինը նվազում էր ժամ առ ժամ։ Որքան հնարավոր եղավ, պահեցին սառնարաններում, ճանապարհը բացվելուց հետո արտահանելու հույսով, ասում է Ջրաշենի ղեկավարը։ Բայց դրանից հետո էլ կիլոմետրանոց հերթերի պատճառով միրգը օրերով մնում էր ճանապարհին. «Ռուսաստանը որ չլինի, Ռուսաստան չարտահանենք, մենք չգիտենք` ինչ կանենք: Ես, օրինակ, ունեմ այգիներ, 10-15 տոննա ի՞նչ եմ անելու, մենակ ես հանեմ շուկա, Երևանի շուկաները, արդեն ինքը սպառվեց, մենակ 2000 տոննա ամենաքիչը Ջրաշենը ծիրան է տալիս, արտահանում»:
Ավելի վաղ` այս տարվա մարտին էլ դարձյալ օրերով փակ մնաց Լարսի ճանապարհը։ Հազարավոր բեռնված մեքենաների կուտակումներ կային ռուս-վրացական սահմանին, որոնց մեջ շատ էին հայկական մեքենաները։ Պաշտոնական պատճառաբանությունը անբարենպաստ եղանակն էր, արտադրողի համար տոննաներով բերքի կորուստ էր։
«Մենակ շուկան ա, որ գյուղացու մեջքին խփում է, ուրիշ ոչ մի բան, շուկան ա, գյուղացին աշխատում է ավելի շատ հիմա, ավելի շատ է ուզում ունենալ, բայց շուկա հանում ենք, պրոբլեմ ունենում ենք, դրա համար գյուղացին հիասթափվում է»:
Տարիներ առաջ՝ 2015-ին, երբ Լարսը տևական ժամանակով փակվել էր, Հայաստանում սկսեցին քննարկել Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհի հարցը, որոշվեց Փոթի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել։ Այս տարի էլ կառավարությունը որոշեց կես տարով սուբսիդավորել լաստանավային փոխադրումների լրացուցիչ ծախսերը։ Ըստ իշխանությունների` այդ այլընտրանքային ճանապարհը պիտի գործեր դեռ անցած ամսվանից։ Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, մինչդեռ, «Ազատությանը» հայտնեց, որ այս հարցում դեռ առաջընթաց չկա։ Փոխարենը, ըստ պաշտոնյայի, Լարսի անցակետի հետ կապված պայմանավորվածություններ կան։
«Կառավարությունը շարունակական բանակցություններ և աշխատանք է իրականացնում վրաց և ռուս գործընկերների հետ, և Լարսի անցակետի անխափան գործունեության հարցում արդեն իսկ նկատելի են առաջխաղացումներ, ավելացել է անցակետի թողունակությունը։ Իհարկե, չի բացառվում հերթերի գոյացումը, սակայն քանի որ մենք ակտիվորեն ներգրավված ենք այս գործում, քայլեր ենք ձեռնարկում օպերատիվորեն լուծելու առաջացող խնդիրները», - փոխանցեց էկոնոմիկայի փոխնախարարը։