Մատչելիության հղումներ

Կրծողների պատճառով բերքի 40-50 տոկոսը հավանաբար կկորցնենք. Լոռու մարզի գյուղատնտես


Գյուղատնտեսներն ահազանգում են՝ դաշտերում կրծողները շատացել են, նրանց դեմ այլևս չեն կարողանում պայքարել, ու բերքի մեծ կորուստ են ունենում։

Ալավերդու Ակներ գյուղական բնակավայրում չորս տարի առաջ ստեղծված «Սիմ Ագրո» կոոպերատիվի նախագահ Նվեր Շավինյանն ասում է՝ այս տարի ակտիվացած մկների պատճառով բերքի 40-50 տոկոսը հավանաբար կկորցնեն. «Մկները շատ ժամանակ առաջանում են դաշտերից, որովհետև կողքի հողատարածքները վարելահողեր են ու չեն մշակվում, խոտը հնձում են, ու հնձելուց հետո մեր դաշտը որպես կանաչի վրա շատ վախտ գալիս են ու բերքը փչացնում են»:

Այս կոոպերատիվի 5 հա կանաչ այգին եզակի է Ակների 55 հա չմշակվող հողատարածքների մեջ։ Շուրջը միայն արոտավայրեր են։ Հողագործի գնահատմամբ` մկները անմշակ հողատարածքներում ուտելու բան չեն գտնում ու հարձակվում են իրենց կանաչ այգիների վրա՝ փչացնելով բույսի թե՛ արմատը և թե՛ տերևը։

«Արմատային համակարգն են վնասում իրենք, որ գետնի տակն են մնում, արմատները վնասվում են, ու թելերն են ուտում, փափուկ տեղերն են ուտում, որը շատ վնաս է տալիս: Մեր դաշտում որ փչում են, քամին տանում է, ու լինում են դեպքեր, երբ նաև անասունն է մտնում դաշտ ու այդ խոտից ուտում է ու թունավորվում է: Տավուշի մարզում եղել է դեպք», - ասաց նա:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանն ասում է՝ ամեն գարնանն ուսումնասիրում են՝ պարզելու՝ ինչքան են ակտիվացել կրծողները և հատկապես որ տարածքներում։ Ստացված արդյունքներով հողօգտագործողներին անհատույց թունանյութ են տրամադրում, որ պայքար տանեն մկների դեմ։ Այս տարի դեռ գարնանը մասնագետները միջին վարակվածություն են արձանագրել։ Թունաքիմիկատը տրամադրել են համայնքապետարաններին, նրանք էլ պարտավոր են եղել համատարած բուժել դաշտերը։

«Համայնքի ղեկավարի սուրբ պարտականությունն է, որ հետևի, որ պատշաճ այդ միջոցառումն իրականացնեն, մենք ֆիզիկապես հնարավոր չի, որ կարողանանք ամբողջ մարզում հետևել` այդ 30 հազար տնտեսությունն իրականացնում է, թե չէ:

Խնդիրը միշտ լինում է, ամեն տարի էլ արձանագրվում են նմանատիպ դեպքեր, հիմնականում բերքահավաքի ժամանակ, հիմնականում Թումանյանի տարածաշրջանում է, հունձը սկսվել է արդեն, և դեպքեր կան», - նշեց նա:

Մինչդեռ Ակների գյուղատնտեսն ասում է՝ միայն իրենց պայքարն արդյունք չի տալիս։ Ավելին՝ բերքահավաքի շրջանում թունաքիմիկատ օգտագործելն անթույլատրելի է։ Դրանք կարող են վտանգավոր լինել հավաքվող բերքի համար։ Մինչև աշուն, երբ նորից հողը բուժելու հնարավորություն լինի, հողագործներն ստիպված կլինեն նոր կորուստներ արձանագրել։

«Ավելի շատանում են, ու դրա դեմ չենք կարողանում առնել, անընդհատ գնալով շատանում են», - ասաց Նվեր Շավինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG