Մատչելիության հղումներ

Արցախի ընդդիմությունը տարակուսած է՝ ինչու այս ծանր իրավիճակում պաշտոնանկ արվեց Բալասանյանը 


Արցախի անվտանգության խորհրդի (Ախ) քարտուղարի պաշտոնանկությունից երեք օր անց էլ պաշտոնական Ստեփանակերտը որևէ բացատրություն չի տալիս՝ ինչո՞ւ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանը, կարծես թե, միակ պաշտոնյան էր, որ հիմնականում հումանիտար հարցերի շուրջ բանակցում էր ադրբեջանական կողմի հետ։ Ամեն դեպքում, անցած տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանցիները առաջին անգամ մի քանի ժամով արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բալասանյանն էր մասնակցում ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։

Նախորդ տարվա մարտին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ խափանել էին Արցախի գազամատակարարումը, այդ հարցով ադրբեջանական կողմի հետ կրկին բանակցում էր Բալասանյանը։

Մինչ Արցախի պաշոտնյաները լռում են, ընդդիմությունը տարակուսած է՝ ինչո՞ւ այս ծանր իրավիճակում, երբ շուրջ մեկ ամիս Արցախը շրջափակման մեջ է, պաշտոնանկ է արվում Անվտանգության խորհրդի քարտուղարը, և սա այն դեպքում, երբ իշխանությունը անընդհատ խոսում է միասնականության ու համախմբվածության մասին։

Հնարավո՞ր է, որ պատճառը պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած տարաձայություններն են։ Ո'չ Բալասանյանը, ո'չ Վարդանյանն այս հարցին հրապարակավ չեն անդրադարձել։ Մինչ այդ, Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանն ասում է, թե նման խոսակցություններ կային, բայց ինքը հստակ տեղեկություն չունի. - «Այդ խոսակցությունները կային, որ այդպիսի բան կար, բայց երբ սկսում ես հետաքրքրվել, մեկ էլ պարզվում է, որ այդքան էլ այդպես չէ: Դրա համար եմ ասում, որ վստակ չեմ կարող ասել՝ ինչ հանգամանքներում է դա», - նշեց նա:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ անկախ պատճառներից, Արցախի իշխանությունները պետք է կարողանան միասնաբար աշխատելու եզրեր գտնել և ստեղծված ծանր վիճակից երկիրը դուրս բերել, հատկապես որ Բալասանյանը պաշտոնի բերմամբ գործընթացներին ծանոթ էր. - «Երևի ճիշտ կլինի գոնե մինչև ապաշրջափակումը, մինչև իրավիճակի կայունացումը համատեղ աշխատանք լինի»:

Խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համար նույնպես անընդունելի է Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը, հատկապես որ որևէ բացատրություն չի հնչել։ Ամեն դեպքում, Հակոբյանը չի կարծում, որ պաշտոնանկությունը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, քանի որ Վիտալի Բալասանյանի դեմ որոշ գործընթացները սկսել են դեռ մեկ տարի առաջ։ Ի դեպ, Բալասանյանը 2020-ի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության նախագահի թեկնածուն էր։

«Իհարկե, անընդունելի էր այս իրավիճակում, երբ մենք խոսում ենք միասնականությունից ու համատեղ աշխատանքներ անելուց, ու այս փուլում մարդ, ով արդեն բավականին աշխատանք է արել այդ ուղղությամբ և չպատճառաբանելով ինչու, ազատվում է, և ոչ միայն իմ կողմից է անընդունելի, շատ-շատերի կողմից, և շատ-շատերը դա դիտարկում են վաղվա ավելի լուրջ մարտահրավերների հետ, որտեղ թե' Արցախի, թե' Հայաստանի իշխանությունները միգուցե գնալու են հերթական զիջումներին, և միգուցե դրանով է պայմանավորված, բայց դրանք ընդամենը ենթադրություններ են»:

Պարզ չէ, թե առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավոր շփումներում ով կփոխարինի Բալասանյանին։ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ գործառույթը իրականացնի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արարատ Մելքումյանը, կամ գուցե նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ անձի հանձնարարի զբաղվել այդ հարցով։ Ամեն դեպքում այդ մասին պետք է հայտարարի Արցախի նախագահը։

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը անցած շաբաթ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ այս պահին չկան։ Մինչդեռ, համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության, Ստեփանակերտ - Գորիս ճանապարհի բացման ուղղությամբ բանակցային գործընթացը շարունակվում է։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն պնդում է՝ բանակցությունների մասին լիազորված է խոսել նախագահ Արայիկ Հարությունյանը և ոչ թե Ռուբեն Վարդանյանը. - «Ռուբեն Վարդանյանը չի կարող նման հայտարարություններ անել, քանի դրա համար Արցախը ունի նախագահ։ Եվ պիտի նման բաները ներկայացնի նախագահը, որովհետև ըստ էության դրա պատասխանատուն հենց ինքն է՝ երկրի նախագահը։ Ես կոնկրետ չեմ կարող լուրջ ընդունել նման հայտարարությունները։ Ես չեմ կարող ընդունել, որ պետնախարարը ինձ պիտի ասի բանակություն ընդանում է, թե չի ընթանում»։

Տարեվերջին Վիտալի Բալասանյանի, նաև Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրաժարականն էր պահանջել ակտիվիստ, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ պնդելով, թե այդ պաշտոնյաները Արցախում վստահություն չունեն. - «Եթե մենք մտածում ենք անվտանգությունից և էդ մարդկանց թողում պաշտոնների, դա նշանակում ա, մենք չենք մտածում։ Սա պարզ իրականություն ա, որը բացատրել եմ, հասկացրել եմ մեր պատգամավորին, և ասել եմ, որ հարցը մենակ ճանապարհով չի պրծնում, ժողովուրդը արդեն ձեզնից հոգնել ա, ձեր իշխանությունից հոգնել ա։ Կոնկրետ հարցեր կա, լուրջ խնդիրներ կա... բա ճանապարհը բացվի, ձեզ որևէ մեկը չի վստահում, բա էս մարդիկ թողնելու են գնան...»

Վիտալի Բալասանյանը մինչև այս պահը չի անդրադարձել իր պաշտոնանկության պատճառներին և Արցախի իշխանությունների հետ ունեցած հնարավոր տարաձայնություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG