Մատչելիության հղումներ

Մակեևկայի մասին սուտը հորինվել է մեկ մարդու՝ նախագահ Պուտինի համար. վերլուծաբան


Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի շենքը հրթիռակոծությունից հետո
Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի շենքը հրթիռակոծությունից հետո

Մակեևկայի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով ռուսական բանակը, ըստ պաշտոնական աղբյուրների 89, իսկ ոչ պաշտոնապես՝ մի քանի հարյուր զոհ է տվել, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը դաշնային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ կյանքը մեծ արժեք չէ, և ընդհանրապես որոշումներ կայացնելիս ամենևին էլ պետք է չէ կյանքի մասին մտածել։

«Կյանքը չափազանց գերագնահատված է։ Ինչպե՞ս կարելի է վախենալ մի բանից, ինչն անխուսափելի է։ Ի վերջո, չէ՞ որ մենք դրախտում ենք հայտնվելու մահից հետո», - ասել է նա։

Սակայն ռուսաստանցիներին փիլիսոփայական այս փաստարկները չեն համոզում, շատերին մտահոգում և զայրացնում է մեկ օրում զոհված հարյուրավոր զինվորների ճակատագիրը։

Շատերն են փորձում են հասկանալ, թե ով է մեղավոր։ Այս պահին շրջանառվում է երկու վարկած։ Առաջինի համաձայն, որը բարձրաձայնել են ինչպես ուկրաինացի զինվորականները, այնպես էլ ռուսական որոշ աղբյուրներ, ռուսական բանակի հրամանատարությունը ամիսներ առաջ մոբիլիզացվածներին տեղակայել է առաջնագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող խոցելի մի շենքում՝ ուկրաինական հրետանու լիարժեք հասանելիության գոտում։ Ավելին, հարյուրավոր զինվորներին մեկ վայրում տեղակայելուց բացի, հրամանատարությունը նույն այդ շենքում նաև զենք-զինամթերք է պահեստավորել, ինչի պայթյունն էլ բազմապատկել է զոհերի ու վիրավորների թիվը։

Երկրորդ՝ պաշտոնական վարկածի համաձայն, մեղավոր են հենց զոհված մոբիլիզացվածները, որ Ամանորի գիշերը միացրել ու օգտագործել են բջջային հեռախոսները՝ թույլ տալով ուկրաինական ուժերին ճշգրիտ որոշել նրանց տեղակայման վայրը։

Շարքային ռուսաստանցիները, զոհվածների հարազատներն ու բարեկամները, սակայն, սրան չեն հավատում և բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում։ Մակեևկայի մասին սուտը հորինվել է մեկ մարդու՝ ուկրաինական ճակատից ոչ ստույգ տեղեկություն ստացող նախագահ Պուտինի համար, Deutsche Welle-ի կայքում գրում է վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին. - «Նրանից թաքցնում են բացասական տեղեկությունները, նրան պարզապես վախենում են իրականությունը զեկուցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով, նա չի օգտվում ինտերնետից և գործնականում չի կարողանում ճեղքել իր մերձավոր շրջապատի կազմակերպած տեղեկատվական շրջափակումը։ Հենց այս՝ իրական իրադարձություններից ամենաքիչը տեղեկացված, բայց հսկայական երկիր ղեկավարող մարդու համար է հորինվել այս սուտը»։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով, Մակեևկան շուտ կմոռացվի, պատերազմի անցած տասը ամիսները փոխել են ռուսաստանցիների գիտակցությունը. - «Տասը ամիս շարունակ մարդկանց պատմել են, որ շուրջբոլորը թշնամիներ են։ Այսօր արդեն ավելի հաճախ են ասում պատերազմ, ոչ թե հատուկ ռազմական օպերացիա։ Պրոպագանդիստներն էլ հորդորում են ավելի լուրջ պատերազմել, ոչնչացնել բոլոր թշնամիներին։ Եվ այս միտումը դեռ երկար է շարունակվելու։ Մարդիկ էլ սովորելու են, արդեն սովորել են ապրել պատերազմի տրամաբանությամբ, երբ հարյուրավոր մարդկանց մահը ընդամենը վիճակագրություն է»։

Վերլուծաբանը այդուամենայնիվ կարծում է, թե Մակեևկան, դրանից առաջ ու հետո շարունակվող ձախողումները ի վերջո հարվածելու են Պուտինի վարկանիշին՝ դարձնելով նրան անհաջողակ և ոչ պոպուլյար առաջնորդ․ - «Մարդկանց Խոստացել էին արագընթաց պատերազմ, արագ հաղթանակ , իրականում նրանք ստացել են երկար, արյունալի, անիմաստ գործընթաց, որը սակայն լայն շերտեր դեռ չեն հասկացել»։

Հասարակության լայն շերտերը դեռ չեն հասկանում անիմաստ պատերազմի պատճառով ստեղծված այս սարսափելի իրականությունը։ Եվ այդ նույն հասարակության համար այսօր հերոսներ կամ էլիտա են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Պուտինի խոհարար համարվող Եվգենի Պրիգոժինը կամ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Պրիգոժինը, ի դեպ բոլորովին բաց, Ուկրաինայում պատերազմող, իրեն պատկանող «Վագներ» ռազմական ընկերության համար մարդկանց է հավաքագրում կալանավայրերում։ Ուկրաինական ճակատում ըստ էության պատերազմում են նաև նրանք, ովքեր դատապարված են եղել ծանր հոդվածներով։ Իսկ պետական լրատվամիջոցները սա լուսաբանում են որպես շարքային, նորմալ իրադարձություն։

Այսօր, օրինակ, պետական «Ռիա Նովոստին» տեսանյութ է տարածել, որտեղ Պրիգոժինը վեցամսյա պայմանագրի ավարտից հետո ներում է շնորհում Ուկրաինայում կռված բանտարկյալների առաջին խմբին. - «Նրանք պատվով, արժանապատվորեն կատարեցին իրենց պայմանագիրը, առաջիններից մեկը... Առաջինը։ Նրանք այնպես էին աշխատում, որ քչերն են աշխատում։ Հասարակությունը պետք է նրանց վերաբերվի ամենախորը հարգանքով, և նրանք չպետք է խախտեն օրենքները»։

Ռազմական և քաղաքական վերլուծաբաններն էլ գրում են, թե այսօր Ռուսաստանում Պրիգոժինը ավելի մեծ կշիռ ու Պուտինի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան ռուս գեներալներն ու Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG