Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կոչ է արել Սուրբ Ծնունդի օրերին դադարեցնել կրակը Ուկրաինայում: Հայտարարությունը տարածել է Մոսկվայի Պատրիարքարանը:
«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ ներքին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, որպեսզի ուղղափառ մարդիկ կարողանան մասնակցել Սուրբ Ծնունդի նախօրեի և Քրիստոսի Ծննդյան արարողություններին», - ասվում է Ռուսաստանի հոգևոր առաջնորդի անունից տարածված հայտարարությունում։
Ռուսաստանյան և ուկրաինական իշխանություններն առայժմ չեն արձագանքել այս կոչին։ Ուկրաինայում Կիրիլ Պատրիարքին և նրա գլխավորած հոգևոր թեմին մեղադրում են պատերազմին աջակցելու համար։ Համայն Ռուսիո Պատրիարքը բազմիցս Ուկրաինային և Արևմուտքի երկրներին է մեղադրել հակամարտությունը հրահրելու համար, ինչպես նաև օրհնել է ռուսաստանցի զինվորականներին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ խաղաղության կողմնակից է: