Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ամանորը դիմավորել է ռուսական օդուժի թիրախում


Ղարաբաղի պատերազմից փրկվել, այժմ Ուկրաինայում են կյանքի համար պայքարում․ Կիևի բնակիչ Լիանան ազգությամբ հայ է, ամուսինը ուկրաինացի։ Ամանորը դիմավորել է ռուսական օդուժի թիրախում։

Տոն օրերի ռմբակոծությունների հետևանքով ցնցված բնակարանի՝ ջարդված պատուհանների մոտ կանգնած Լիանան Աստծուն փառք է տալիս իրենց կյանքը խնայելու համար. - «Փառք եմ տալիս Աստծուն, որ հայրս ու մենք բոլորս ողջ ենք մնացել»:

Հունվարի երկրորդ օրը ռուսական բանակը շարունակել է ռմբակոծությունները՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ անցած գիշեր ռուսները ավելի քան 50 օդային հարված են հասցրել Ուկրաինայի բնակավայրերին՝ կիրառելով 24 իրանական արտադրության անօդաչուներ, ևս 55 անգամ կրակ արձակել բազմակի հրթիռային համակարգերից։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերով՝ գիշերային հարվածների հետևանքով 19-ամյա տղամարդ է սպանվել։ Ռուսաստանը օդային հարվածները սաստկացրել է հոկտեմբերին, պաշտոնական Կիևի տվյալներով, պատերազմի տասը ամիսներին երկրում վնասվել է կենսական նշանակության 700 կառույց՝ գազամուղներ, էլեկտրակայաններ, կամուրջներ։

Ռուսական կողմն իր հերթին հայտնում է ուկրաինական օդուժի հարձակումների մասին

Ռուսական կողմն իր հերթին հայտնում է ուկրաինական օդուժի հարձակումների մասին։ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքերով՝ անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների, ինչի հետևանքով հոսանքազրկվել է Կլիմովսկի շրջանը։ Ռուսաստանյան այս մարզը սահմանակից է ուկրաինական Չեռնիգովին և Սումիին։

Ուկրաինական անօդաչուներ են հայտնաբերվել նաև Լուգանսկին սահմանակցող ռուսաստանյան Վորոնեժի տարածքում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյուններ են որոտացել քաղաքի այն հատվածում, որտեղ տեղակայված է Բալտիմոր ռազմական օդանավակայանը, այստեղ կայանած է՝ Արևմտյան ռազմական շրջանի ռմբակոծիչ ավիացիան, մասնավորապես, առաջնագծի Սու-34 ռմբակոծիչները։ Տուժածների, ավերածությունների մասին չի հաղորդվում։

Մինչ այդ ուկրաինական բանակը հարվածներ էր հասցրել նաև սահմանից շատ ավելի հեռու գտնվող Էնգելսի և Ռյազանի ռազմական օդանավակայաններին։ Զուգահեռաբար Ռուսաստանյան տելեգրամ ալիքները հաղորդում են Դոնեցկի մարզի Մակեևկա հանքարդյունաբերական քաղաքում գտնվող արհեստագործական ուսումնարանի շենքի հրթիռակոծության մասին, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, պահվում էին պատերազմի համար մոբիլիզացված ռուսները։ Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով հարյուրավոր զոհեր կան։

Ուկրաինայի բանակի ռազմավարական հաղորդակցության վարչությունը հայտնել է 400 զոհի, 300 վիրավորի մասին։ Տեղեկությունը հաստատվելու դեպքում սա կլինի փետրվարից ի վեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական կողմի համար ամենամահաբեր հարվածը։ Ռուսական կողմը այս պահին հաղորդում է Մակեևկայում միայն 63 ռուսաստանցի զինվորականի մահվան մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման կետին հարված է հասցվել Հայմարսից։ «Ռոյթերզ»-ին հաջողվել է նույնականացնել հրթիռակոծված շենքը, տարածվող լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ ենթադրաբար արհեստագործական ուսումնարանը վերածվել է մխացող փլատակների։

Ուկրաինական բանակի հաջողությունները, սակայն, չպետք է վաղաժամ հաղթանակի խաբուսիկ հույսեր առաջացնեն, Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր նպատակից՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունից, BBC-ի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինական զորքը մի քանի ամիս է հակահարձակումների է անցել, սակայն մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը մոբիլիզացիա է անցկացրել և համալրել զինվորականների շարքերը, նորակոչիկներից շատերը այժմ պատրաստություն են անցնում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք պատրաստվում են պատերազմի շարունակմանը ու հնարավոր նոր հարձակման փորձերի»,- շեշտել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։

Ուկրաինական կողմը մինչդեռ հանուն խաղաղության պատրաստ չէ զիջել տարածքները, այդ մասին են վկայում Կիևի սոցիոլոգիական Միջազգային ինստիտուտի սոցհարցման արդյունքները։ 2005 հարցվածների 85 տոկոսը անթույլատրելի է համարում որևէ տարածքային զիջում, միայն ութ տոկոսն է կարծում, որ հանուն խաղաղության և անկախության պահպանման Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքի մի մասից։

XS
SM
MD
LG