Մատչելիության հղումներ

Հակասական տեղեկություններ Մոսկվայում կայացած թուրք-սիրիական բանակցությունների արդյունքների վերաբերյալ


Արդյո՞ք Թուրքիան իրոք պատրաստվում է դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիսից. այս հարցը հրատապ դարձավ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որին մասնակցում էին Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզական ծառայությունների ղեկավարները։

11 տարվա դադարից հետո կազմակերպված առաջին թուրք-սիրիական ուղղակի բանակցությունների ավարտից անմիջապես հետո արաբական մամուլում սկսեցին ակտիվ լուրեր շրջանառվել, որոնց համաձայն սիրիացի և թուրք ուժայիններին հաջողվել է Մոսկվայում որոշակի սկզբունքային համաձայնություններ ձեռք բերել։ Սիրիական իշխանություններին մոտ կանգնած «Ալ Վաթան» պարբերականը, մասնավորաբար, 2022 թվականի իր վերջին համարում պնդում էր, որ այդ բանակցությունների արդյունքում Անկարան Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայված թուրքական զորախումբն ամբողջությամբ դուրս բերելու պատրաստակամություն է հայտնել։ Դրա դիմաց, ըստ թերթի, պաշտոնական Դամասկոսը պարտավորվել է համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզում՝ նախևառաջ Սիրիայի հյուսիսում գտնվող և Արևմուտքի դաշնակիցը համարվող քրդերի դեմ պայքարում։

«Կողմերը ընդգծել են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց որակվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Միացյալ Նահանգների և Իսրայելի խամաճիկն և պետք է դիտարկվի որպես լրջագույն սպառնալիք թե Սիրիայի և թե Թուրքիայի համար», -գրում է «Ալ Վաթանը»։

Թերթը նաև տեղեկացնում է, որ մոսկովյան բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մի շարք հատուկ եռակողմ հանձնաժողովներ ստեղծել, որոնք կհետևեն պայմանավորվածությունների կատարման ընթացքին և կզբաղվեն նոր բանակցություններ կազմակերպելով։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի պնդմամբ, ի դեպ, եռակողմ բանակցությունների հաջոդ փուլն՝ արդեն դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կարող է կազմակերպվել հունվարի երկրորդ կեսին։

«Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում կամ որևէ երրորդ երկրում։ Այս պահին մի շարք տարբերակներ են քննարկվում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նշենք, սակայն, որ թուրքական աղբյուրները մոսկովյան հանդիպման մեկնաբանություններում շատ ավելի զգուշավոր են։ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին հետևող մասնագիտական կայքերից մեկը՝ Middle East Eye-ը, նախօրեին թուրքական աղբյուրները վկայակոչելով, պնդել է, որ Անկարան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու մտադրություն չունի։ Բացի այդ, ըստ իշխանություններին մոտ կանգնած թուրքական աղբյուրների՝ Անկարան հրաժարվել է բավարարել Դամասկոսի մեկ այլ պահանջը ևս, ըստ որի Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի վերահսկողության գոտում գործող իսլամիստական զինված կազմակերպությունները պետք է ահաբեկչական կառույցներ որակվեն։ Չնայած դրան՝ Սիրիայի հյուսիսի թուրքամետ խմբավորումների շրջանում Դամասկոսի և Անկարայի միջև խորացող դիվանագիտական շփումները ակնհայտ մտահոգություն են առաջացնում։

Թուրք-սիրիական բանակցություններին զուգահեռ զինված խմբավորումների աջակիցները իրենց վերահսկողության տակ մնացած վերջին շրջաններում՝ Իդլիբի նահանգում և Հալեպի հյուսիային հատվածում, բողոքի ակցիաներ են անցկացնում՝ թուրք դաշնակիցներից պահանջելով որևէ դեպքում հաշտեցման չգնալ Բաշար Ասադի կառավարության հետ:

Արևմտյան փորձագետների համոզմամբ՝ թուրք-սիրիական հաշտեցման մյուս հնարավոր զոհը կարող են դառնալ սիրիացի քրդերը։ Այս մասին AFP -ի հետ զրույցում նշել է Լիոնի համալսարանի դասախոս, արևելագետ Ֆաբրիս Բալանշեն։ Նրա խոսքով՝ Սիրիան, Թուրքիան և Ռուսաստանը մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ վերացնել առավելապես քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերը», զինված մի խմբավորում, որ տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցել է Արևմուտքի հետ։

«Անկարան ցանկանում է վերացնել «քրդական սպառնալիքը»՝ պարզ ասած արտաքսել Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին։ Մոսկվայի համար սա Միացյալ Նահանգների դաշնակիցներին վերացնելու հարց է։ Իսկ Բաշար Աասադը, քրդերի դեմ գործելով, երկու նպատակ է հետապնդում՝ հետ բերել այն տարածքներն ու նավթով հարուստ շրջանները, որոնք կենտրոնական իշխանության վերահսկողության տակ չեն», - նշում է ֆրանսիացի փորձագետը։

Բալանշեի խոսքով՝ եթե քրդերը չկատարեն Անկարայի պահանջը և իրենց ուժերը Թուրքիայի հետ սահմանից 30 կիլոմետրով հետ չքաշեն, «Մոսկվայի հանդիպումը թուրքական ներխուժման նախերգանքը կդառնա»։

Արևմտյան մեկ այլ փորձագետի՝ Վաշինգտոնում գործող New Lines հետազոտական կենտրոնի վերուծաբան Նիկ Հերասի համոզմամբ էլ՝ Թուրքիայի նախագահին առաջիկա ընտրությունների կոնտեքստում նախևառաջ ռազմական հաղթանակ է հարկավոր։

«Էրդողանը ռազմական գործողության դիմելու հարցում շատ մեծ քաղաքական ճնշման տակ է, որպեսզի [ներխուժումից] հետո հնարավոր լինի որքան հնարավոր է մեծ թվով սիրիացի փախստականների Թուրքիայի տարածքից ուղարկել հետ՝ Սիրիա», - նշում է ամերիկացի փորձագետը։

Հակասական տեղեկություններ Մոսկվայում կայացած թուրք-սիրիական բանակցությունների արդյունքների վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

XS
SM
MD
LG