Մատչելիության հղումներ

Երրորդ նախագահն ու դուստրերը դատարանում պետք է ապացուցեն իրենց ունեցվածքի օրինականությունը


Մինչ դատախազությունը մանրամասներ չի հրապարակում Հայաստանի երրորդ նախագահի ու նրա դուստրերի դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված դիմումից, Սարգսյանների փաստաբանն անհեթեթ է որակում իրավապահների պահանջը։ Ամրամ Մակինյանը ևս չի մանրամասնում, թե դատախազությունը Սարգսյաններից հօգուտ պետության ինչ գույք ու դրամական միջոցներ է ցանկանում առգրավել, որը, իրավապահների գնահատմամբ, ապօրինի է ձեռք բերվել։

«Դատարանում մենք ցույց կտանք էս գործի, հայցապահանջի հերթական արհեստածին լինելը», - ասաց Մակինյանը։

Արդեն մեկուկես տարի ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություն իրականացնող Գլխավոր դատախազությունը սովորաբար նախքան դիմումը դատարան ուղարկելը հրապարակում է կասկածելի գույքի ցանկը, գումարի չափը։ Թե ինչո՞ւ նախկին նախագահի ընտանիքի դեպքում չեն հրապարակել, պարզ չէ։

Դատական առաջին նիստը նշանակված է հունվարի 19-ին։ Հայաստանի երրորդ նախագահն ու նրա դուստրերը՝ Սաթենիկ Սարգսյանն ու Անուշ Մինասյանը դատարանում պետք է ապացուցեն, որ իրենց ունեցվածքը ձեռք են բերել օրինական ճանապարհով, այլապես այն ստիպված կլինեն փոխանցել պետությանը։

Հակակոռուպցիոն դատարանում երրորդ նախագահի ու նրա ընտանիքի դեմ պահանջից բացի, կան նաև ավելի քան մեկ տասնյակ այլ գործեր, որ հարուցվել են Սարգսյանի պաշտոնավարման օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձանց դեմ։ Նրանց թվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ներկայիս ընդդիմադիր պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլոք։ Եվ մինչ դատախազությունը մեկը մյուսի հետևից դիմումներ է ուղարկում դատարան, այս գործերով անցնողներն ու նրանց փաստաբանները պնդում են՝ քանի դեռ Սահմանադրական դատարանը չի եզրակացրել՝ օրենքը համապատասխանում է մայր օրենքին, թե ոչ, այս գործերը պետք է կարճվեն։

Ամիսներ առաջ օրենքի սահմանադրականությունը Բարձր դատարանում վիճարկել է ընդդիմությունը, ինչից հետո Բարձր դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ 4 հարց տալով եվրոպական հեղինակավոր կառույցին։

Հարցերը վերաբերում են գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածին, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորմանը, ապացույցի չափանիշի բացակայությանը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ, մասնավորապես՝ գույքային իրավունքին։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ամիսների ուսումնասիրությունից հետո դրական են համարել փաստը, որ օրենքը հետադարձ ուժ ունի. - «Ընդհանուր առմամբ ընդունված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը անհրաժեշտ է դարձնում գործել ոչ միայն ապագայում, այլև նախկինում ապօրինի սեփականություն ձեռք բերելու նպատակով: Օրենքի հետադարձ կիրառումը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել համաչափ և համատեղելի Հայաստանի Սահմանադրությանը, որն ապահովում է սեփականության պաշտպանությունը միայն այն դեպքում, երբ այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Այսպես ասած, գույքի ծագման մասին բացատրություններ տալու պարտականությունը պետք է մնա ողջամիտ։ Ավելին, գույքի բռնագանձման ժամկետը պետք է լինի ողջամիտ և այն հավասարապես կիրառվի բոլոր դեպքերում, այլ ոչ թե թողնվի իշխանությունների հայեցողությանը»։

Թրանսփարենսի Ինթերնեյշնլի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որ ևս սպասում էր հանձնաժողովի եզրակացությանը, տեղին է համարում ողջամիտ ժամկետի վերաբերյալ դիտարկումը. - «Հանձնաժողովը կոնցեպտուալ առումով է ասում, որ ինստիտուտը չի հակասում Սահմանադրությանը, հետադարձ ուժի հետ կապված՝ ևս։ Բայց ինքը խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ ըստ էության իրավասու մարմնի հայեցողությունը բավականին ընթարձակ է ժամկետի կիրառման առումով»։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ գնահատականի վրա. հանձնաժողովը հակասություններ չի տեսել նաև այն կարևոր հարցում, երբ հայաստանյան օրենքը ունեցվածքի օրինականության ապացուցման բեռը դնում է հենց սեփականատիրոջ վրա. - «Միևնույն ժամանակ նշում է, որ էդ ապացույցների ձեռք բերման հնարավորությունը պետք է տեղավորվի ողջամտության և տրամաբանության շրջանակներում»։

Միջազգային փորձագետներն ընդգծում են, որ բռնագանձումը կարող է արդյունավետ գործիք լինել կոռուպցիայի դեմ պայքարի և ակտիվների ապօրինի ձեռք բերումը կանխելու համար. - «Սա հանրային շահ է, որը կարող է արդարացնել որոշակի գույքի ապօրինի ծագման կանխավարկածի կիրառումը: Նման կանխավարկածն ապացուցելու բեռը տեղափոխում է ակտիվների սեփականատիրոջ վրա. իրավասու մարմինը պարտավոր է ցույց տալ, որ ակտիվները կարող են անօրինական ծագում ունենալ, մինչդեռ պատասխանողը կարող է հերքել այդ պնդումները՝ հակառակ ապացույցներ ներկայացնելով»։

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է՝ այս գործիքը պետք է կիրառվի ողջամիտ սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով:

Սպասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո Սահմանադրական դատարանը կվերսկսի ընդդիմադիրների բողոքի քննությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG