Մատչելիության հղումներ

Օհանյանը պնդում է՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունն իրենը չէ, դատախազությունը հակադարձում է


Գլխավոր դատախազությունից հակադարձում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, թե Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունն իրենը չէ։ Գերատեսչությունը հիմնավոր է համարում, որ առանձնատունը փաստացի պատկանում է հենց Օհանյանին։

«Դատական քննության ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները, ըստ որի՝ դատարանը որոշում կկայացնի», - արձագանքում են դատախազությունից։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը Ֆեյսբուքում անդրադարձել էր Դատախազության հայտարարությանը, որ դատարանը վարույթ է ընդունել նրա ենթադրյալ ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դիմումը։ Օհանյանը պնդել էր, թե Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատունն իրեն չի պատկանել ու չի էլ պատկանում՝ հավելելով, որ հասարակական նշանակության որևէ օբյեկտ չունի։

«Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ», - ասված է Օհանյանի գրառման մեջ։

Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը դատարանից պահանջել է պաշտպանության նախկին նախարարից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ պետության բռնագանձել Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնար լինելու դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 90 միլիոն դրամ։

Ըստ գերատեսչության, Օհանյանը նաև ավելի քան 1 միլիարդ դրամի չափով ապօրինի դրամական միջոցներ է տրամադրել այլ անձի։ Դատախազությունը դա ևս հենց Օհանյանից բնռագանձելու պահանջ է ներկայացրել։ Ավելի քան մեկ միլիարդ դրամ ապօրինի դրամական միջոցներ ունենալու վերաբերյալ դատախազության հայտարարությանն Օհանյանն իր գրառման մեջ չի անդրադարձել։

Փաստերի ստուգման հարթակն ավելի վաղ պարզել էր, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը Պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկա անունով է եղել։ Օհանյանի քենու դուստրը՝ Զարուհի Բադալյանը առանձնատունն ու հողամասը տարիներ անց, սակայն, նվիրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Պիեր Ֆովոյին։ Այս գործին նաև իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն երեկ անդրադարձավ։

Մարիա Կարապետյան
Մարիա Կարապետյան

«Այսօր, օրինակ, փողոցում թեժացած վիճակն առավելապես կապ ունի նրա հետ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի ենթադրաբար ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 6-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ․ իրավապահները նաև ուսումնասիրել են ավելի քան մեկ տարի առաջ մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի, ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։

Մինչ այս պահը դատարանը դեռ գույքի բռնագանձման վերաբերյալ որևէ վճիռ չի կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG