Բեգլարյանը երեկ հարցաքննվել է
Իրավապահները նոր մեղադրանք են առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ հայտարարելով, որ նա երկու տասնյակից ավելի գույքի է ապօրինի տիրացել։ Այսօր հրապարակված ցանկում 24 հասցե կա՝ գերակշիռ մասը Երևանի կենտրոնում։
Դատախազությունը հայտարարում է, որ Բեգլարյանը այդ գույքը հափշտակել է 2002-2010 թվականներին, երբ զբաղեցնում էր նախ Կենտրոնի թաղապետի, ապա Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Դատախազ Արամ Արամյանն ազատությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյան երեկ հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է ներկայացվել։ Բեգլարյանը երկրից բացակայելու իրավունք չունի։
«Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք հիմք են տվել, ըստ էության, հանրային քրեական հետապնդում հարուցելու այլ դրվագներով ևս, մասնավորապես մեղադրանքի ծավալում ներառվել են 24 անուն անշարժ գույքերի յուրացման դեպքերը և դրանց գերակշիռ հատվածի հանցավոր ճանապարհով օրինականացման դեպքերը, և միաժամանակ մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար», - ասաց դատախազը:
Եղած մեղադրանքին ավելացել է ևս 27 դրվագով գործը
Նախկին քաղաքապետը դեռ 2020 թվականից մեղադրվում է 230 միլիոն դրամանոց մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։ Սրան ավելացել է ևս 27 դրվագով այս գործը՝ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման հոդվածներով։ Այժմ իրավապահները զբաղվում են կոռուպցիոն սխեմայում ներգրավված այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու հարցով։
«Նախկին պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություն չներկայացնեմ, սակայն բնականաբար, առերևույթ քրեական գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ հանցավոր սխեմաներում ներգրավված են նաև այլ անձինք, որոնց առնչությունը կատարված հանցագործության հետ կապված դեռևս ենթակա է քննության», - հավելեց դատախազը:
Գագիկ Բեգլարյանը, մինչդեռ, չի ընդունում ոչ այս, ոչ էլ 2020-ին ներկայացված մեղադրանքը։ Փաստաբան Հրանտ Անանյանը, սակայն, չներկայացրեց իրենց փաստարկները՝ պնդելով, որ իրավունք չունի հրապարակել նախաքննության տվյալները։ Միևնույն ժամանակ տարակուսեց՝ դրան զուգահեռ դատախազությունը անարգել հրապարակում է քննության առարկա գույքի ցանկը։
«Ստացվում է, որ քրեական հետապնդման մարմինը ինչ-որ բան շրջանառի հասարակության մեջ, պաշտպանության կողմը լուռումունջ մնա, ձայն չկարողանա հանի՞», - հարցնում է նա:
Այս դանդաղկոտության պատճառը համակարգը չբարեփոխելու հետևանք է. իրավապաշտպան
«Քանի դեռ էս կառավարությունը, էս իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գոյություն ունի, ՀՀ-ն ունի մեծ ազգային բրենդ՝ կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի մի ման եկեք», - 8 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այսպես էր բնութագրել Հայաստանը և քննադատել իշխանության մեջ բիզնեսով զբաղվող պաշտոնյաներին։ Փաշինյանի իշխանության օրոք տասնյակ քրեական գործեր հարուցվեցին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց թվում՝ Գագիկ Բեգլարյանի դեմ։
Վերջինս տևական ժամանակ հետախուզվում էր, հետո վերադարձավ Հայաստան, մեկ օրով կալանավորվեց և մոտ 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց։
Իրավապահների աշխատանքին հետևող իրավապաշտպանները նկատում են՝ Փաշինյանի իշխանության օրոք որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա դեռ դատարանի որոշմամբ մեղավոր չի ճանաչվել։ Այս դանդաղկոտության պատճառը համակարգը չբարեփոխելու հետևանք է, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո նոր իշխանությունը պետք է ազատվեր կոռուպցիայի մեջ թաթախված մանր ու մեծ կադրերից։
«Գլխավոր դատախազության այս վերջին հրապարակումը, որը վերաբերում էր ամենայն հավանականությամբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից, դա ուղղակի հերթական օրինակն է, թե ինչպիսի անգործություն է ցուցաբերել նախկին գլխավոր դատախազը {Արթուր Դավթյանը-խմբ.}, չնայած առնվազն 2019-21, 2022 թվական՝ 3 տարվա ընթացքում կարելի էր և ռեսուրսները գտնել, և փոփոխությունները կատարել, և իրավիճակը փոխել», - ասաց նա:
Սաքունցի գնահատմամբ՝ այս իշխանություններն էլ չունեն կոռուպցիայի դեմ պայքարի կամք, ավելին՝ կան նոր հարստացողներ, որոնք կապ ունեն պաշտոնյաների հետ. «Ես կարծում եմ, որ համակարգային այդ խնդիրը, որ իշխանությունը հանդիսանում է հարստության աղբյուր, կամ իշխանության հովանավորություն ունենալը հանդիսանում է բիզնեսում հաջողակ լինելու երաշխիք կամ գրավական, այդ միտումը չի հաղթահարված, որովհետև ակնհայտ գոյություն ունի շահերի բաշխում, այսինքն՝ քիչ չէր, որ կային նախկին շահերի բախման լայնածավալ, զանգվածային դրսևորումները, հիմա էլ ունենք նման դրսևորումներ, իհարկե ոչ այն ծավալով, բայց այնուամենայնիվ, այստեղ լուրջ սկզբունքային դիրքորոշում է պետք»:
Գագիկ Բեգլարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որը դատարանում է։ 6 տարի Կենտրոն համայնքը, ապա՝ 3 տարի ողջ Երևանը ղեկավարած Բեգլարյանը, որ 5 տարի էլ տրանսպորտի և կապի նախարար է եղել, դատարանում պետք է ապացուցի, որ օրինական ճանապարհով է միլիարդների տեր դարձել։ Հակառակ դեպքում, պետությունը կարող է բռնագանձել ունեցվածքը՝ 3 միլիարդ դրամ, 33 բնակարան Երևանում, տարածքներ, շինություններ, ավտոհանգրվաններ։