Մատչելիության հղումներ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անցնում են նաև 2018-ից հետո պետական պաշտոնների նշանակված մի շարք անձինք


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անցնում են նաև 2018-ի հեղափոխությունից հետո պետական պաշտոնների նշանակված մի շարք անձինք, այսօր տեղեկացրեց այդ գործերով զբաղվող դատախազ Գևորգ Քոչարյանը։

Նա, սակայն չմանրամասնեց, թե գործող իշխանության քանի անդամ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում և ովքեր են նրանք, միայն հավելեց, որ նրանց գույքի և եկամուտների ձեռքբերման օրինականությունն այժմ ստուգվում է։

«Մեր օրենքում նշված է հստակ շրջանակը հանցագործությունների, որոնց դեպքում կարող է վարույթ սկսվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ վարույթ սկսելու համար: Եթե նայեք վերջին տարիների քրեական գործերով ովքեր են անցել, այդ թվում նաև նոր իշխանությունների մաս կազմող կամ երբևէ մաս կազմած անձանց վերաբերյալ գործերը և համադրելով, թե ինչ քրեական գործեր են.... գուշակության մասին խոսք չի գնում, գրեթե որոշակիանում է, այսինքն ինչ հոդվածներով, ինչ հանցագործության համար է մեղադրանք առաջադրված, դա արդեն դուք ձեզ համար այդ հարցերին կարող եք պատասխանել», - ասաց Գևորգ Քոչարյանը:

Երկու տարվա ընթացքում դատախազությունը դատարան է ուղարկել ապօրինի գույքի բռնագանձման 12 հայց, որոնցով բռնագանձման ենթակա են շուրջ 200 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մոտ 21 մլրդ դրամ չափով գումար։ Դրանք, սակայն, առնչվում են նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Ընդհանուր առմամբ դատախազությունն ուսումնասիրում է 330 գործ։

Դատախազ Քոչարյանի տվյալներով, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային, ապահովագրական և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքը արգելանքի տակ դնելու պահանջով: Այդ 213 միջնորդությունների մեծ մասը՝ 185-ը, դատարանները բավարարել են։

«25 գործով հայցի նախնական ապահովումներ է կիրառվել, այսինքն դրանք գրեթե վերջնական փուլում ամբողջությամբ ուսումնասիրված, մեր օրենքը թույլ է տալիս, որ հայցի նախնական ապահովում կիրառվի, այսինքն՝ սառեցվի, արգելադրվի այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը հետագայում ակնկալվում է հայցապահանջով մտնել դատարան և բռնագանձել: Այդ 25 նախնական ապահովումներով արգելանք է դրվել շուրջ 260 անշարժ ու շարժական գույքերի վրա, 53 իրավաբանական անձանց մասնակցությունների վրա, ինչպես նաև ավելի քան 42 մլրդ դրամի չափով դրամական միջոցների դրամական պահանջով», - ներկայացրեց դատախազը:

Չնայած դատախազի ներկայացրած վիճակագրությանը, դեռևս չկա գեթ մեկ ուժի մեջ մտած որոշում, որով պաշտոն զբաղեցրած անձի ու նրա ընտանիքի ունեցվածքը կճանաչվեր ապօրինի՝ վերադարձվելով պետությանը։ Դատարան ուղարկված գործերից դեռևս մեկնարկել են միայն ԱԱԾ նախկին պաշտնոյա Սերոբ Հարությունյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործերի քննությունները։

Իրավապաշտպաները բազմիցս են քննադատել Փաշինյանի կառավարությանը կասկածելի պայմաններում հարստացած նախկին պաշտոնյաներին պատասխանատվության չենթարկելու, այդ գույքը պետությանը վերադարձնելու խոստումները չկատարելու համար։

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզան կարծում է, որ 4 տարին բավարար չէ համակարգային փոփոխությունների համար։

«Կարևոր է հասկանալ, որ անցումային արդարադատությունը գործընթաց է՝ պարզապես օրենքներ ընդունելը, նախկին պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելը կամ նրանց գույքը առգրավելը չէ։ Այս գործընթացը նշանակում է՝ բարեփոխել, զտել ինստիտուտները, որ կանխվի կոռուպցիան, ու սա երկար գործընթաց է։ Գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ դժգոհ են իշխանություններից և շատերը բախվում են տնտեսական դժվարությունների ու կոռուպցիայի։ Բազմաթիվ քայլեր արդեն արվել են Հայաստանում, գուցե դրանք տեսանելի արդյունքների չեն հանգեցրել, բայց ի վերջո արդյունքներ կլինեն», - ասաց Կարրանզան:

Փորձագետը Հայաստանում է 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում անցումային արդարադատության առնչվող քննարկմանը մասնակցելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG