Մատչելիության հղումներ

Իրավաչափ և համաչափ կհամարեի, եթե ԲԴԽ-ն արձագանքեր ավելի մեղմ տույժի տեսակով. Աննա Փիլոսյան


Դատական համակարգից հեռացված դատավոր Աննա Փիլոսյան
Դատական համակարգից հեռացված դատավոր Աննա Փիլոսյան

Երեկ պաշտոնանկ արված դատավոր Աննա Փիլոսյանն իրեն դատական համակարգից հեռացելու որոշումը համարում է անարդար։

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց մոտ ութ տարվա դատավորի լիազորություններն այն պատճառաբանությամբ, որ իր չորս վճիռները ուշացումով է տրամադրել կողմերին։

«Ինքնին իրավաչափ և համաչափ կհամարեի, եթե Բարձրագույն դատական խորհուրդը արձագանքեր ավելի մեղմ տույժի տեսակով։ Ես դա ամբողջությամբ կընկալեի, կընդունեի և իրավաչափ կհամարեի», - ասաց Փիլոսյանը։

Նրա լիազորությունների դադարեցման որոշումը երեկ հրապարակեց դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը Փիլոսյանի նկատմամբ ընտրեց ամենախիստ պատիժը։

«Ըստ ներկայացված հիմնավորումների, դատավորի կողմից թվով չորս քաղաքացիական գործերով կայացված որոշումները հրապարակվել են և հայցվորին են տրամադրվել 1-2 տարի ուշացմամբ», - փաստարկել էր Անդրեասյանը։

Դատավորի դեմ վարույթը հարուցել էր Արդարադատության նախարարությունը։ Գործը քննել են Բարձրագույն դատական խորհրդի 9 անդամից 8-ը։ Բոլորն էլ միակարծիք են եղել, որ դատավորը սխալ է թույլ տվել, բայց միայն խորհրդի երկու անդամներ՝ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանն են դեմ եղել լիազորությունները դադարեցնելու պատժատեսակին։

Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանում, թե ինչու նախապատվություն տվեց ամենախիստ պատժին՝ Փիլոսյանին հեռացնելով դատական համակարգից։ Կողմ քվեարկած ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն էլ հորդորեց սպասել որոշման հրապարակմանը, որտեղ կան իր և մյուսների պատճառաբանությունները։ Որոշումը կհրապարակվի հնգօրյա ժամկետում։

«Որոշումը կլինի, պատճառաբանությունները կարող եք կարդալ, ծանոթանալ», - ասաց Մակյանը։

Մինչ Աննա Փիլոսյանը չի ցանկանում գնահատել, թե արդյո՞ք այստեղ կա քաղաքական ենթատեքստ, նրա ամուսինը՝ գործող իշխանությունների կոշտ քննադատ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ որոշման հրապարակումից հետո Ֆեյսբուքում շտապեց գրել. - «Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է»։

Սա դատավորի նկատմամբ անցած մեկ տարվա ընթացքում հինգերորդ կարգապահական վարույթն է։ Վերջինի համար հիմք է հանդիսացել փաստաբաններից մեկի ֆեյսբուքյան գրառումը, որը հայտնվել էր լրատվամիջոցներից մեկում։ Փաստաբանը բողոքել էր, թե դատավոր Փիլոսյանը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ՝ միայն դիմումից հետ։ Սրանից հետո Արդարադատության նախարարությունը վարույթ էր հարուցել, հետո դիմել ԲԴԽ։

Արդեն նախկին դատավոր Աննա Փիլոսյանը Բարձրագույն դատական խորհրդում իր պաշտոնանկության հարցով կայացած նիստում ընդունել է թերացումը, բայցև շտապել է պատճառաբանել՝ դատավորները չափազանց ծանրաբեռնված են. - «Քաջ գիտակցում եմ, որ ես պատմուճանով չեմ ծնվել, պատմուճանով չեմ էլ հեռանալու։ Բոլորի կողմից փաստվող և բոլորի կողմից ընդունված անոմալ իրավիճակը, ծանրագույն իրավիճակը պտտվում է մեկ մարդու շուրջ, պտտվում է դատավորի շուրջ։ Որը գերմարդ չէ, որը արհեստական ինտելեկտով և բազմաթիվ ալգոռիթմերով հագեցած ռոբոտ-մեքենա չէ»։

Իր ծավալուն ելույթում արդեն նախկին դատավորը հրապարակել էր վիճակագրություն, ըստ որի 2020 թվականին Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկել 8 դատավոր, մինչդեռ Եվրոպայի խորհրդի երկրներում այս թիվը կրկնակի է։ Նույն 2020-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 37 հազար քաղաքացիական գործ, հաջորդ տարի այս թիվը կրկնապատկվել է։ Իսկ այս տարվա դեկտեմբերի դրությամբ գործերի թիվն անցնում է 65 հազարը, որը քննել կամ քննում է ընդամենը 35 դատավոր։ Այսինքն՝ մեկ դատավորին միջինը բաժին է ընկել շուրջ երկու հազար քաղաքացիական գործ, և դատավորի ծանրաբեռնվածությունը թույլատրելիից մեծ է երեք անգամ. - «Պետք է նշեմ, որ գործերի քննությունները իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ։ Անընդունելի ժամկետներով ուշացվել են եզրափակիչ դատական ակտերը, սակայն հայցվոր ընկերությունները, թեկուզ ուշացմամբ, բոլոր գործերով հնարավորություն են ունեցել իրացնել բողոքարկման իրավունքը նկատի ունենալով, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշումներով բողոքները ընդունվել են վարույթ»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով, ծանրաբեռնավածությունը ոչ թե դատավորի, այլ պետության խնդիրն է. - «Պետք է ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ արդարադատության համակարգում, որ բոլորը կարողանան, հնարավություն ունենան, այդ թվում նաև դատավորը, իր լիազորությունները լիարժեք կատարելու մինչև վերջ»։

Այսքանից հետո Աննա Փիլոսյանին դատական համակարգից հեռացնելը խոսում է անհամաչափ խիստ պատժի մասին, ինչն ընտրողական մոտեցում է, կարծում է իրավապաշտպանը. - «Գուցե նա ինչ-որ համակարգում թիրախում է գտնվում։ Չեմ կարող ասել ամուսնո՞ւ հետ է կապված, ի՞ր գործունեության հետ է կապված, բայց պետք է լինի պատժի համարժեքություն։ Որովհետև զրկել աշխատելու իրավունքից, դա, կարծում եմ, դատավորի համար ամենավերջինն է... դրանից հետո արդեն դատապարտումը պետք է լիներ»։

Բարձրագուն դատական խորհրդի տվյալներով, այս տարի կազմվել է կարգապահական պատասխանատվության 25 որոշում, որոնց դեպքում 2 դատավոր ստացել է նախազգուշացում, 4-ը՝ նկատողություն, 2-ը՝ խիստ նկատողություն։ 2022-ին դադարեցվել է 3 դատավորի լիազորություն։

XS
SM
MD
LG