Մատչելիության հղումներ

Պետության և կուսակցության սերտաճման պրոցես է. իրավապաշտպանը՝ ԲԴԽ-ի և ԿԸՀ-ի շուրջ զարգացումներից


Դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի շուրջ աղմուկը չի մարում: Արդարադատության նախկին նախարար, իշխանական կուսակցության նախկին անդամ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ ընտրելուց օրեր անց կառույցի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարեց լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Ֆեյսբուքյան գրառման մեջ պատճառների շարքում Բեքմեզյանը թվարկել է խորհրդի անկախության հարցը։

«Վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով», - գրել է նա։

2019-ին Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Բեքմեզյանն այս հայտարարությունն անում է դատական անկախ մարմնի շուրջ ծավալված սկանդալներից հետո։ Շուրջ երեք ամիս առաջ հրապարկվեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ու այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգրիյանի մասնակցությամբ զրույցի աղմկահարույց ձայնագրությունը, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Այս ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց, բայց հայտարարեց, թե պատճառը առողջական խնդիրներն են։ ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնում անցած շաբաթ ընտրվեց արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա դրանից մեկ օր առաջ միայն իշխանականների ձայներով ԲԴԽ անդամ էր ընտրվել՝ նախապես վայր դնելով կուսակցական անդամատոմսը։

Իշխող կուսակցությունից բոլորովին վերջերս դուրս եկած Անդրեասյանը կարո՞ղ է երաշխավորել այս մարմնի անկողմնակալ աշխատանքը։ Ինքը՝ Անդրեսյանը վստահեցրել էր՝ ինքն այլևս որևէ ձևով պարտական չի լինելու ՔՊ-ին:

«Եթե Սահմանադրությունն ու օրենքը քեզ ասում են՝ չպիտի լինես կուսակցական, ես անկեղծորեն չեմ լինելու և չեմ կուսակցական այն օրվանից, որ վայր եմ դրել իմ լիազորությունները», - ասել էր նախկին նախարարը:

Հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությունում ընդգծում է՝ ԲԴԽ անդամ լինելով չի կարողացել հանրայացնել իր մտահոգությունները։ Բեքմեզյանն այսօր հավելյալ մեկնաբանություններ տալ չցանկացավը։ Բեքմեզյանը չի անդրադառնում նաև հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա գնում այս քայլին, այլ ոչ օրինակ՝ 3 ամիս առաջ, երբ հրապարակվեց սկանդալային ձայնագրությունը։

Բարձրագույն դատական խորհուրդն առայժմ չի արձագանքել Բեքմեզյանի հայտարարությանը։

Այսպիսի բարձր պաշտոն ունեցող անձը շատ ավելի բաց ու հստակ պետք է խոսի, վստահ է իրավապաշտպան Արթուր Սաքունցը. «Նման պաշտոնում գտնվող անձը շատ հստակ պետք է ներկայացնի կոնկրետ նկարագրությունը, թե ինչ իրադարձություններ նկատի ունի, երբ որ դրանց տվյալները ներկայացնում է որպես ԲԴԽ-ի անդամից հրաժարականի հիմնավորում»:

Կարեն Անդրեասյանի ընտրությունը նախորդ շաբաթվա միակ աղմկահարույց իրդարձությունը չէր խորհրդարանում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 4 օր առաջ կրկին առանց ընդդիմադիրների միաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, որը ևս մի քանի օր առաջ դեռ ՔՊ-ի անդամ էր։ Ավելին, Հովակիմյանն անձամբ մասնակցեց իր ընտրությանը, ինչն իրավապաշտպանների գնահատմամբ՝ օրենքի կոպիտ խախտում է։

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ բոլոր այս խնդիրների գլխավոր պատճառը մայր օրենքն է, իրավապաշտպանը շեշտում է՝ ավելի հստակ օրենքներ են պետք:

«Այս Սահմանադրությունը չի սահմանափակում նման երևույթները: Երեկ հերթական անգամ տեսնում ենք՝ տեղի է ունենում պետության և կուսակցության սերտաճման պրոցես», - նկատեց նա:

Առանց այն էլ անմխիթար դատական համակարգում իշխանությունների կողմից քաղաքական պատկանելիություն ունեցող թեկնածուի ընտրելն, Արթուր Սաքունցի գնահատմամբ, անընդունելի է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի պաշտոն է, անկողմնակալությունը չպետք է լինի կասկածի տակ»:

Իշխանականներն այսօր չարձագանքեցին անկախ մարմիններում իրենց նախկին անդամներին ընտրելու վերաբերյալ իրավապաշտպանների քննադատությանը:

XS
SM
MD
LG