Մատչելիության հղումներ

«ԲԴԽ-ն չունի այն անկախությունը, որը ես էի պատկերացնում»․ Բեքմեզյան


ԲԴԽ արդեն նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանն, որ օրերս հայտարարեց ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ խորհուրդը չունի այն անկախությունը, որը ինքն էր պատկերացնում և խորհրդի կայացրած որոշումները չէին համապատասխանում անկախ խորհրդի կողմից կայացրած որոշումների իր պատկերացումներին։

Բեքմեզյանը հոկտեմբերի 10-ին հայտարարեց, որ ԲԴԽ խորհրդին դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառները, ըստ նրա, «խորքային են և ինստիտուցիոնալ»։ Նրա դիմումից 4 օր առաջ ԲԴԽ նախագահ էր ընտրվել արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն, ով դրանից մեկ օր առաջ միայն իշխանականների ձայներով ԲԴԽ անդամ էր ընտրվել՝ նախապես վայր դնելով կուսակցական անդամատոմսը։

Ընդծելով, որ Անդրեասյանը իր որոշման պատճառը չէ՝ Բեքմեզյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ առիթներից մեկն է։

Հարցին, թե Կարեն Անդրեասյանը չի՞ կարող այնպես ղեկավարել, որ լինի անկախ կոլեգիալ մարմին, Բեքմեզյանը պատասխանեց․ - «Կարող է, կարող է չի ուզում, չգիտեմ։ Ամեն դեպքում ես դա չեմ նկատել։ Նոր նախագահի առկայությունը դա պատճառ չէր, պատճառներն արդեն մի քանի ամիս է, որ առաջացել էր, ուղղակի վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները ինձ մոտ հաստատեցին այդ հանգամանքը, որ այդ անջրպետը իմ և խորհրդի անդամների մեծամասնության միջև ավելի ակնհայտ է դառնում»։

Ըստ ԲԴԽ նախկին անդամի՝ կան որոշումներ, որոնք, իր կարծիքով, խորհուրդը պարտավոր էր կայացնել այլ կերպ, բայց որոշ անդամներ քվեարկել են ոչ անկախ։

Բեքմեզյանն անուններ չտվեց, բայց շեշտեց՝ խորհրդի մեծամասնության հետ ունի սկզբունքային տարաձայնություն խորհրդի անկախության վերաբերյալ և խորհրդի մեծամասնության մեջ չի տեսնում իրեն աջակից․ - «Կան որոշակի գործընթացներ, որոնցում պետք է խորհուրդը որոշում կայացներ, որը չի կայացրել, խորհուրդը պետք է գործողություն աներ, որը չի արել»։

Հարցին՝ ճի՞շտ է համարում մի մարդու նշանակումը խորհրդի նախագահի պաշտոնում, որը մեկ օր առաջ քաղաքական իշխանության ներկայացուցիչ էր, Բեքմեզյանը պատասխանեց․ - «Ո՛չ, ճիշտ չեմ համարում, քաղաքական գործունեությամբ զբաղվող իրավաբանը չի կարող լինել արդար խորհրդի անդամ։ Եթե խորհուրդը գործեր այնպիսի անկախությամբ, ինչպիսին ես եմ պատկերացնում, մեկ հոգու առկայությունը չէր կարող խոչընդոտել խորհրդի գործունեությանը»։

ԲԴԽ-ն անկախ մարմին է և անդամները պետք է լինեն անկուսակցական։ Նախկին նախարարը Ազգային ժողովում նախքան ԲԴԽ անդամ ընտրվելը վստահեցրեց՝ ընտրվելու պահից սկսած այլևս որևէ ձևով պարտական չի լինելու «Քաղաքացիական պայմանագրին» ու գործելու է անկախ, ինչպես պահանջում է օրենքը։

ԲԴԽ նախագահի աթոռը թափուր էր Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությանը հաջորդած հրաժարականից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG