Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի բացման հարցում այլ գործիքների կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ. ՔՊ պատգամավոր


Լաչինի միջանցքի բացման հարցում դիվանագիտական ջանքերից բացի, այլ գործիքների կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Հումանիտար ճգնաժամ 120 հազար հոգու պատանդառմամբ։ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. սա իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գնահատականն է Լաչինի միջանցքի՝ արդեն ութ օրվա փակմանը։ Այս գնահատականը չի փոխվել շաբաթ օրը Ջերմուկում տեղի ունեցած իշխանության ներկայացուցիչների հավաքից հետո։

«Գործադիրը և նաև օրենսդիրը ջանքեր գործադրում ա այդ հարցը դիվանագիտական եղանակով լուծելու համար։ Որովհետև լուծման այլ տարբերակները ըստ էության հղի են անկանխատեսելի հետևանքներով թե' Արցախի մեր հայրենակիցների և թե' ավելի լայն կոնտեքստում», - ասում է իշխող քաղաքական ուժի վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Հարցին, թե արդեն 8 օրվա շրջափակումն ու ադրբեջանական կողմի հայտարարությունները, որ շարունակելու են փակ պահել միջանցքը, արդյո՞ք չեն ստիպել իշխանություններին վերանայել մոտեցումները և նոր գործիքներ ներգրավել Լաչինի միջանցքի բացման համար, Թորոսյանը, ով ևս Ջերմուկում մասնակցել է քաղաքական ժողովին, արձագանքեց. - «Մեր հնարավորությունների ամբողջ շրջանակը պետք ա օգտագործենք և օգտագործում ենք անկախ օրերից։ Որովհետև յուրաքանչյուր օրը կարող է թե' ճգնաժամը խորացնել, թե' աղետի վերածել՝ սկսած տարրական կարևոր, հիմնարար ապրանքների, ծառայությունների մատուցումից, ապրանքների հասանելիությունից՝ սննդամթերք, դեղորայք և այլն, և վերջացրած ավելի լայն՝ բախման վտանգ և այլն։ Մենք չենք սպասելու և չենք սպասում որևէ օր լրանա, որպեսզի էդ ամեն ինչը անենք։ Կառավարությունը ամեն ինչ անում է իր ձեռքի տակ եղած ռեսուրսներով, որպեսզի այն օր առաջ բացվի»։

Ե'վ վարչապետը, և' խորհրդարանը հայտարարել են, որ Հայաստանի անելիքն այս հարցում Ադրբեջանի կողմից իր ստանձնած գրավոր պարտավորության խախտումը միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելն է։ Թորոսյանի խոսքով՝ ԱԺ-ի ընդունած հայտարարությունից հետո գործընկեր երկրների կողմից նաև խորհրդարանական խողովակներով բազմաթիվ կոչեր են հնչել Ադրբեջանին՝ դադարեցնելու շրջափակումը։

Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է անտեսել բոլոր կոչերն ու հորդորները։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Իշխանական մեկ այլ պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի հարցից. - «Արցախի խնդրից ազատվելն է։ Էն, ինչ իրենց նախագահը հայտարարում է, իմ կարծիքով, դա գետնի վրա իրականացնելն է։ Որպես հիմնական նպատակ։ Բայց ընթացիկ նպատակներ էլ կան, այսինքն՝ թուլացնել դիմադրողականությունը, միգուցե քչացնել բնակչությունը և այլն, բայց գերնպատակը վերը ասվածն էր»։

Ի տարբերություն ՔՊ խմբակցության որոշ պատգամավորների, որոնք Լաչինի միջանցքի փակման մեղքի սլաքները հավասար ուղղում են և' Բաքվին, և' Մոսկվային՝ Եղոյանը խուսափում է նման հայտարարությունից, միևնույն ժամանակ ամեն դեպքում նկատում, որ փակված տարածքը ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո է։

Արման Եղոյան
Արման Եղոյան

Ինչո՞ւ այդ դեպքում Երևանը Մոսկվային ուղիղ չի դիմում միջանցքի բացման հարցում։ «Ուղիղ դիմել ասվածը անպայման չի հենց էդ տեքստով լինի, բայց բնականաբար, այդ խոսակցությունը կա։ Վարչապետը, տեսնում եք, քանի անգամ է արդեն էս ընթացքում խոսել Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ դրանից առաջ էլ էլի փակվեց, չէ՞, մի քանի ժամով, դրանից առաջ էլ եղավ խոսակցություն։ Այսինքն՝ Լաչինի միջանցքի հարցը օրակարգում կար արդեն քանի շաբաթ է, միգուցե ամիս, և խոսակցություն գնում էր, և վարչապետը բարձրաձայնել ա էդ մասին, որ մտահոգություններ կան, որ միգուցե փակվի», - ասաց Եղոյանը։

Մինչ այդ, միջանցքի փակումը վերջնական փակուղի է մտցնել խաղաղության բանակցությունների գործընթացը, հավելեց Արսեն Թորոսյանը. - «Էս քայլը Ադրբեջանի, ըստ էության, ամբողջովին է խանգարում կամ վնասում կամ կասկածի տակ դնում ապագա խաղաղության օրակարգը ամբողջությամբ։ Չնայած որ իրենք ամբողջ օրը դրա մասին են խոսում, որ իրանք էլ ուզում են խաղաղություն և այլն, բայց փաստացի քայլերը էդքան էլ չեն օգնում ապագա պոտենցիալ, շատ դժվար հասանելի խաղաղության հաստատման համար»։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ Ջերմուկում հավաքվել էին ընդլայնված կազմով՝ անցկացնելու քաղաքական ժողով։ Այդ ձևաչափով հավաքներին մասնակցում են կառավարության, կուսակցության վարչության անդամները, ԱԺ հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները, մարզպետները, համայնքների ղեկավարները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG