Մատչելիության հղումներ

«ԵրիտԱրցախ» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ցույցերը


Երևանի Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Հերմինե Սայիյանը չգիտի՝ ինչպես պետք է հասնի տուն, որ Ամանորը ծնողների հետ Արցախում դիմավորի։ Ձմեռային արձակուրդներն են սկսվում մի քանի օրից, բայց հանգիստը պլանավորելու փոխարեն ուսանողուհհին Երևանում ցույցերի է մասնակցում՝ Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը բացելու պահանջով. - «Ճանապարհը փակել են ու ասել են ուղղակի՝ դու չես կարող գնալ քո տուն։ Դան անհնար է... 21-րդ դարում, երբ մարդիկ հասնում են տիեզերք, ինչ ասես անում են, ու մի փոքրիկ քաղաքում ուղղակի մարդը էս կողմից էն կողմ չի կարողանում գնալ»։

Հերմինեն ու ևս մի քանի տասնյակ ուսանողներ այսօր կառավարության շենքի մոտ Հայաստանի կառավարությունից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի ի վերջո բացվի արդեն 8 օր փակված Արցախը Հայաստանին կապող միակ ուղին՝ Բերձորի միջանցքը։

«Բերձորի միջանցքին ազատությո'ւն», - վանկարկում էին ցուցարարները։

Նրանք պահանջագիր ներկայացրեցին գործադիր մարմնին՝ ընդգծելով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրածներից մեկը Հայաստանն է։

Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանի հիմնական հավաքական աշխատանքը Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը պետք է լինի։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Գուրգեն Դանիելյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը չպետք է ձեռքերը լվանա Արցախից. - «Այստեղ հավաքված են նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ, ովքեր տեղյակ են, որ շատ քաղաքական գործընթացներ՝ թե' արտաքին քաղաքական և թե' ներքաղաքական, կան գործընթացներ, որոնք լուսաբանման ենթակա չեն։ Սակայն մեր վերլուծությունների արդյունքում, մենք պարզ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս պահի դրությամբ այդքան էլ գործուն միջամտություն չի ցուցաբերում։ Եվ երիտասարդական նախաձեռնության նպատակը այդ գործուն միջամտության քայլերը քննարկելն է։ Մեր պահանջագիրը բնույթով էմոցիոնալ պարտադրանք... այդպիսի նպատակ չի հետապնդում։ Կոնկրետ առաջարկներ են, և ակնկալվում է կառավարության կողմից այս առաջարկների ի կատար ածում»։

Պահանջագրում նշված կետերից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ովերաբերում՝ Արցախում և Բերձորի միջանքում առաքելություն տեղադրելու խնդրանքով։

Գրությունը կառավարության ներկայացուցչին հանձնողներից մեկը միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Աղաջանյանն էր, ով իր խոսքում շեշտեց, որ աշխարհից կտրված Արցախի ժողովուրդը միայնակ չի կարող պայքարել. - «Արցախահայության [անվտանգության] երաշխավորը Հայաստանն է, ինչպես նաև եռակողմ հայտարարության մի մասը նաև Հայաստանն է։ Հայաստանը նույնիսկ զուտ իրավական հենքերով չի կարող անմասն մնալ արցախահայության ճակատագրով, և մեր պահանջների կետերում բոլոր հնարավոր մեխանիզմները օգտագործել, լինի թե' ՄԱԿ-ի միջոցով, թե' Ռուսաստանի Դաշնության միջոցով, բոլոր մեխանիզմները օգտագործել, որպեսզի Բերձորի միջանցքը բացվի, կյանքի ճանապարհը բացվի, արցախահայությունն էլ հանգիստ ապրի»։

«Վաղը չէ մյուս օրը այդ նույն խնդիրը կարա լինի ցանկացած առջև՝ Արարատի մարզի, Կոտայքի և այլն, և այլն, պետք ա բոլորը էս խնդրի շուրջ մտահոգվեն և իրենց լուման ներդնեն», - ասաց մեկ այլ ցուցարար։

«ԵրիտԱրցախ» նախաձեռնությունն արդեն երրորդ օրն է փողոց դուրս եկել։ Նախորդ օրերին ՄԱԿ-ի, Եվրամիության գրասենյակների, Ֆրասնիայի, Ռուսաստանի դեպանատների առջև էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG