Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա. Ռուբեն Վարդանյան


Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք հեռանան, Մարտակերտում ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy», - նշել է նա:

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պետք է ընդունել, որ նոյեմբերի 9-ից հետո խաղաղություն չկա, և ըստ էության, պատերազմը շարունակվում է:

«Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք», - հայտարարել է պետնախարարը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի երազած տարբերակն այն է, որ արցախցիները հեռանան, սակայն դա անընդունելի է:

Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

XS
SM
MD
LG