Վարչապետի նախաձեռնած փոխատեղումներն ավարտվեցին, կառավարությունում էլ թափուր աթոռներ չկան։
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումների մասին հայտնեց այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից առաջ. - «Այսօր հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը, և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:
Թե ինչու նրանց վրա կանգ առավ ընտրությունը, նիստի հրապարակային մասում բացատրություն չհնչեց։ Տիգրան Խաչատրյանը փոխարինում է մեկ շաբաթ առաջ պաշտոնից ազատված, ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանին, որն այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը մեկ տարի: Անցած շաբաթ փոխվեց նաև կրթության նախարարը՝ Վահրամ Դումանյանիի հրաժարականից հետո այդ պաշտոնին նշանակվեց նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ո՛չ նախկին փոխվարչապետը, ո՛չ կրթության նախկին նախարարը ու ո՛չ էլ կառավարությունը հրապարակավ չեն խոսում պաշտոնանկությունների պատճառներից։ Մամուլը սա կապեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրության ու համալսարանի խոշորացման հետ։ Համբարձում Մաթևոսյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, իսկ Բրյուսովում ամսվա սկզբին վերընտրվեց գործող ռեկտորը, որը դեմ է Կրթության նախարարության նախաձեռնությանը՝ համալսարանը միավորել մանկավարժականի ու ֆիզկուլտինստիտուտի հետ։ Համբարձում Մաթևոսյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում էր նաև նոյեմբերին, երբ վերահաշվարկի արդյունքում նա դուրս մնաց իշխող կուսակցության ղեկավար մարմնի նորընտիր կազմից։
Թե ինչ է խոսել փոխվարչապետ նշանակված Տիգրան Խաչատրյանը Անվտանգության խորհրդի նիստում, կառավարությունը չի հրապարակել։ Նրա վերջին հանրային ելույթները հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ էին. անցած ամիսների ընթացքում որպես ֆինանսների նախարար հենց նա էր ներկայացնում Հայաստանի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը, կլինեն նաև դժվարություններ: Այս տարվա դրական զարգացումների արդյունքում ձևավորվող բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է հետևողական խորացնել իրականացվող բարեփոխումների ընթացքը և հաղթահարել զգալի դժվարություններ», - ասել էր նա։
Տնտեսագետ Խաչատրյանը պետական կառավարման համակարգում է 1995 թվականից։ Իր կարիերան սկսել է Էկոնոմիկայի նախարարությունում։ 2001-ին արդեն հասել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նա նախ զբաղեցրեց էկոնոմիկայի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնը։
Խաչատրյանը վերջերս հաճախ անդրադառնում էր աննախադեպ բարձր գնաճին։ Նա թանկացումների սովորական մակարդակին վերադարձ առայժմ չի սպասում:
«Չնայած վերջին ամիսների ընթացքում գնաճն իջեցնելու ուղղությամբ ԿԲ-ի արդյունավետ քաղաքականությանը և նկատելի հաջողություններին՝ չենք կարող ակնկալել, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերադառնալ գնաճի բնականոն միջավայր, պետք է սպասել, որ 2023-ի ընթացքում Կենտրոնական բանկը կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ կամ առնվազն զգալիորեն մոտենալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին», - ավելի վաղ նշել էր նորանշանակ փոխվարչապետը:
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանն, ամփոփելով երկու գերատեսչություններում Տիգրան Խաչատրյանի աշխատանքն, ասում է՝ պաշտոնյան առաջարկների համար բաց է եղել, լսել է իրենց քննադատությունը:
«Երբևէ խնդիր չի առաջացել բովանդակային քննարկման շուրջ գալ այլ եզրահանգման, օրինակ նաև այդ թվում նախագծի մեջ որևէ փոփոխություն մտցնել՝ հաշվի առնելով պատգամավորների կարծիքը», - ասաց նա:
Պատգամավորը զարմանալի չի համարում, որ հենց Խաչատրյանն է նշանակվում փոխվարչապետի պաշտոնում, և պնդում՝ խմբակցության ներսում կառավարության այս նշանակումների վերաբերյալ քննարկումներ այս ընթացքում չեն եղել։