Մատչելիության հղումներ

Մարոկկոն և Պորտուգալիան դուրս եկան քառորդ եզրափակիչ և դեկտեմբերի 9-ին իրար հետ կխաղան


Մարոկկոյի թիմի երկրպագուները տոնում են պատմական հաղթանակը:
Մարոկկոյի թիմի երկրպագուները տոնում են պատմական հաղթանակը:

Արաբական թիմի պատմական հաղթանակը

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 6-ին հանդիպեցին Մարոկկոյի և Իսպանիայի հավաքականները:

Հավասար ու լարված խաղում երկու թիմերն էլ շատ զգուշավոր էին գործում: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0: Հետխաղային 11-մետրանոցների արդյունքում գրանցվեց նոր սենսացիա՝ 2010 թվականի աշխարհի չեմպիոն և 2008 ու 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն Իսպանիան չիրացրեց երեք 11-մետրանոց: Մարոկկացիները վրիպեցին մեկ անգամ, բայց խփեցին երեքը:

Այսպիսով՝ Իսպանիան 11-մետրանոցներով պարտվեց 0-3 հաշվով և կհեռանա Քաթարից, իսկ Մարոկկոն անցավ քառորդ եզրափակիչ, ինչը պատմական նվաճում է արաբական ֆուտբոլի համար:

1/8 եզրափակիչի ամենախոշոր հաշվով հաղթանակը

Ենթադրվում էր, որ 1/8 եզրափակիչի մյուս խաղը կլինի շատ ավելի բարդ և անկանխատեսելի արդյունքով, բայց ի զարմանս շատերի՝ պորտուգալացիները շվեյցարացիների հետ խաղի հենց առաջին հատվածում երկու գեղեցիկ գոլերով ցույց տվեցին, որ շատ վճռական են տրամադրված և, ի տարբերություն առաջին զույգի, մտադիր չեն հանդիպումը ձգելով հասցնել 11-մետրանոցներին:

Ընդ որում, գոլերը գրանցվեցին առանց Ռոնալդուի մասնակցության, ով դաշտ դուրս եկավ խաղի վերջում, երբ ամեն բան պարզ էր:

17-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը սուր անկյունից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց շվեյցարացիների դարպասի վերին ձախ անկյունը:

33-րդ րոպեին վետերան պաշտպան, 39-ամյա Պեպեն, ով այդ օրը կրում էր ավագի ժապավենը, գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2-0:

50-րդ րոպեին Ռամոսը խփեց իր երկրորդ և ընտրանու երրորդ գոլը: Այդ պահից այլևս կասկած չկար, որ մեկ քառորդում տեղի կունենա Մարոկկո-Պորտուգալիա հանդիպումը:

55-րդ րոպեին Ռաֆայել Գուերեյրոն գնդակն ուղարկեց շվեյցարացիների դարպասը: Դա կարծես լիներ Ռամոսի առաջին գոլի պատճենը՝ 4-0:

Կարճ ժամանակ անց՝ 58-րդ րոպեին, շվեյցարացիներից Մանուել Ականջին հաշիվը դարձրեց 1-4:

66-րդ րոպեին Ռամոսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Իսկ Ռաֆայել Լեաոն 90+2 րոպեին հեռահար հարվածով խփեց ևս մեկ գոլ: Վերջնական արդյունքը 6-1, դա ամենախոշոր հաշիվն է առաջնության 1/8 եզրափակիչում:

Երկօրյա ընդմիջումից հետո՝ դեկտեմբերի 9-ին Քաթարում կմեկնարկեն ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները:

XS
SM
MD
LG