Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Նախքան քվերակությունն արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ փաթեթում որոշակի փոփոխություններ են արել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, որոնք, նրա խոսքով, միտված են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելուն։
ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը, ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով՝ կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:
Մասնավորապես, փոփոխություններ են արվել նաև զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում, Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։
Այսպիսով, ըստ ընդունված նախագիծ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:
«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է», - կառավարություն նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը նախագծին հավանություն էր տվել նոյեմբերի վերջին և հրատապ կարգով ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։
Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։